Հետագայում ի՞նչ տեսք կարող է ունենալ էլեկտրոնային առևտուրը տարածաշրջանում: Ինչպե՞ս է EU4Digital-ը նպաստելու դրան

  • Ամսաթիվ: 24/04/20
  • Կիսվել:

EU4Digital-ի նպատակն էլեկտրոնային առևտրի ներդաշնակեցմանն աջակցելն է, որպեսզի այն դառնա անթուղթ, ավտոմատացված և ունիֆիկացված՝ տարբեր երկրների բիզնեսների և իշխանությունների միջև (առևտրային գործընթացների, հաղորդակցության, օրենսդրության և չափորոշիչների առումով): Այս սցենարին ավելի մոտենալու համար EU4Digital-ը նպաստում է վերլուծությունների իրականացմանն ու խնդիրների վեր հանմանը, միմյանց հետ կապում է համագործակիցներին, փորձարկում է եղած լուծումները և ներկայացնում է առաջարկություններ:

Առևտրի ապագայի առնչությամբ մենք կարող ենք աչքի առաջ ունենալ հետևյալ լավագույն սցենարը.

Ստոկհոլմում (Շվեդիա) տեղակայված բիզնեսը հենց նոր առևտրային համաձայնություն է ձեռք բերել Օդեսայում (Ուկրաինա) տեղակայված բիզնեսի հետ: Երկու բիզնեսների ներկայացուցիչները ծանոթացել են EU4Digital-ի կողմից կազմակերպված էլեկտրոնային առևտրին նվիրված միջոցառման ժամանակ: Ապրանքներն ընտրվել են էլեկտրոնային կոմերցիայի առցանց շուկայի, իսկ փաստաթղթերը փոխանակվել և ստորագրվել են համակարգչային ցանցերի միջոցով: Պայմանագրերը կնքվել են, իսկ հաշիվ-ապրանքագրերի վճարումը կատարվել է առանց թղթի գեթ մեկ կտորի օգտագործման: Այս փաստաթղթերի կառավարումը շատ արագ և հեշտ է ստացվել, քանի որ օրենսդրությունը և տեխնիկական չափորոշիչնրեը մոտարկված են: Սա նշանակում է, որ չկան այնպիսի լրացուցիչ փաստաթղթեր, որոնց մասին բիզնեսները տեղյակ չեն եղել կամ դրանց հետ գործ ունենալու փորձ չեն ունեցել:

Բիզնեսները պայմանավորվել են ձեռք բերված ապրանքը բեռնել Շվեդիայում (մեկնման երկիր), որը ծովային ճանապարհով հասել է մինչև Բալթիկ ծով, իսկ հետո Լիտվայի (տարանցման երկիր) Կլայպեդա նավահանգստում վերստին բեռնվել է բեռնատարի մեջ: Այնուհետև բեռնատարը ձեռք բերված ապրանքն առաքել է Ուկրաինայի (նշանակման երկիր) Օդեսա քաղաք:

Շվեդիայում ապրանքները բեռնելիս բիզնեսներն էլեկտրոնային եղանակով ներկայացրել են մաքսային փաստաթղթերը: Սա արվել է նախքան ապրանքների սահման հասնելը: Մաքսային մարմինը կարողացել է նախապես ուսումնասիրել փաստաթղթերը և կատարել ռիսկերի գնահատում: Շվեդիայի, ինչպես նաև տարանցման ու նշանակման երկրների մաքսային մարմինների համար հեշտ է եղել համագործակցելը, քանի որ գործընթացները (օրինակ՝ պահանջվող փաստաթղթեր, ձևաչափեր) և հաղորդակցության համակարգերը մոտարկված են: Այս ամենը մաքսային գործառնությունները դարձրել է արագ և անվտանգ: Փոխադրամիջոցի ներսում հայտնված ապօրինի որևէ բան չի կարող աննկատ մնալ գործողություններ իրականացնող մաքսային մարմինների աչքից:

Ապրանքները սկսել են իրենց ճանապարհորդությունը Շվեդիայից՝ օգտագործելով ծովային փոխադրամիջոց: Լիտվայի նավահանգիստ հասնելուն պես հեշտ և արագ է ստացվել ապրանքը ցամաքային փոխադրամիջոցի մեջ տեղափոխելը: Դրա պատճառը Բալթիկ ծովից մինչև Սև ծով ընկած թվային տրանսպորտային միջանցքն է: Առևտրային կողմերի համար դա նշանակում է, որ փաստաթղթերի փոխանակումը տեղի է ունեցել անմիջապես, ուստի ստուգման և համաձայնեցման գործընթացները ևս արագ են կազմակերպվել:

Ամեն անգամ, երբ բեռնատարը հասել է սահմանին, ճանապարհը շարունակելու հետ կապված որևէ ուշացում տեղի չի ունեցել: Քանզի մաքսային գործարքները կնքվել են ճանապարհ ընկնելու սկզբին, իշխանությունները միայն ստուգել են, թե արդյոք ապրանքը կնքված է: Բեռնատարը շարժվում է առաջ:

Ի վերջո, բեռնատարը ժամանել է Ուկրաինայի Օդեսա քաղաք: Ապրանքները կնիքազերծվել և ստուգվել են: Բաեհաջող առաքման փաստը հաստատվել է էլեկտրոնային եղանակով, որպեսզի շվեդական կողմը կարողանա հեշտությամբ հետևել առաքմանը:

Երկու ընկերություններն անհամբեր սպասում են գործարար համագործակցության հետագա հնարավորություններին:


քարտեր

Ցուցադրել բոլորը