Փետրվարի 28-ին Եվրամիության խորհրդի ռումինական նախագահությունը՝ Եվրոպական հանձնաժողովի հետ համատեղ Բուխարեստում ընդունեցին Արևելյան գործընկերության՝ «Թվային տնտեսություն» խորագրով 3-րդ նախարարական հանդիպումը:
Միջոցառումը համախմբել էր թվային տնտեսության համար պատասխանատու ԵՄ նախարարներին ու նրանց գործընկերներին Արևելյան գործընկերության վեց երկրներից՝ Հայաստանից, Ադրբեջանից, Բելառուսից, Վրաստանից, Մոլդովայի Հանրապետությունից և Ուկրաինայից: Հանդիպումը նպատակ ուներ օժանդակել տարածաշրջանում թվային ոլորտում համագործակցության խորացմանը:
Միասնական թվային շուկայի հարցերով Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Անդրուս Անսիպը միջոցառմանն ընդառաջ իր ուղերձում ասել է. «Թվային տնտեսությունը դեռևս չիրացված ներուժով և էական նշանակություն ունեցող բնագավառ է ինչպես ԵՄ–ի, այնպես էլ՝ գործընկեր երկրների համար՝ քաղաքացիների համար շոշափելի արդյունքներ ապահովելու տեսանկյունից: Այսօր մեր Արևելյան գործընկերները կարևոր քայլ են արել իրենց երկրների շրջանում ռոումինգի սակագների նվազեցման ուղղությամբ: Սա իրական ազդեցությամբ մեկ կոնկրետ քայլ է, սակայն խիստ կարևոր է աշխատանք տանել թվային բոլոր ուղղություններում, ներառյալ՝ տվյալների հոսքերն, անվտանգությունը և նորմատիվ պահանջների համաձանեցումը»:
Նախարարական հանդիպումը հնարավորություն տվեց արձագանքել ոլորտում առկա այլ առանցքային մարտահրավերներին: Վերջերս գործարկված «EU4Digital» նախաձեռնությունը կնպաստի այդ բնագավառներում ԵՄ-ի ու նրա վեց արևելյան գործընկեր երկրների միջև համագործակցության ամրապնդմանը: Սա կհանգեցնի ավելի լավ սակագներով առցանց ծառայությունների բարելավմանն ու ընտրության ընդլայնմանը, ինչպես նաև՝ անձնական տվյալների ավելի արդյունավետ պաշտպանությանը: Այն նաև կնպաստի ներդրումների ներգրավմանը, առտրի խթանմանն ու զբաղվածությանը: Գործող ընկերություններն ավելի արագ աճ կգրանցեն, իսկ նոր ընկերությունների ստեղծման գործընթացն առավել կհեշտանա:
Նախարարական հանդիպումը հետևողական է 2017 թվականի նոյեմբերին կայացած Արևելյան գործընկերության գագաթաժողովի շրջանակներում ԵՄ-ի, նրա անդամ պետությունների ու Արևելյան գործընկերության վեց երկրների ստանձնած համատեղ հանձնառությանը՝ շոշափելի օգուտներ ապահովելու տարածաշրջանի երկրների քաղաքացիների համար` հիմնվելով չորս առաջնահերթ ուղղություններին (ավելի ուժեղ տնտեսություն, ավելի ուժեղ կառավարում, ավելի ուժեղ կապ, ավելի ուժեղ հասարակություն) առնչվող «20 թիրախային արդյունք 2020 թվականի համար» հստակ աշխատանքային ծրագրի վրա: Տարածաշրջանում թվային տնտեսությունների զարգացմանն ուղղված
համագործակցության այս համատեքստում ԵՄ-ն կենտրոնանում է այն ներուժի վրա, որը բիզնեսի ու քաղաքացիների համար ապահովում է միասնական թվային շուկան: Հարևան երկրների հետ այն կապելն օգուտ կբերի տարածաշրջանի բոլոր քաղաքացիների համար: ԵՄ-ն աջակցում է Արևելյան գործընկերության երկրներին՝ նվազեցնելու ռոումինգի սակագները, համակարգված կերպով արձագանքելու կիբեռանվտանգության սպառնալիքներին և շահագործելու այն ներուժը, ինչպիսին միասնական թվային շուկան է բիզնեսի ու քաղաքացիների համար՝ տարածաշրջանում աշխատանքի տեղավորման հնարավորությունների ավելացման նպատակով:
Եվրամիության աջակցությունը Արևելյան գործընկերության տարածաշրջանում թվային տնտեսություններին