«EU4Digital» նախաձեռնության ղեկավար կոմիտեի երկրորդ տարեկան նիստը կանցկացվի հեռակա կարգով՝ COVID-19-ով պայմանավորված սահմանափակումների պատճառով: Հոկտեմբերի 5-ից 9-ն ընկած շաբաթվա ընթացքում այն կանցկացնի մի շարք վիրտուալ հանդիպումներ՝ կենտրոնանալով Ծրագրի շրջանակներում ձեռք բերված արդյունքների գնահատման, ինչպես նաև թվային տեխնոլոգիաների ոլորտում Արևելյան գործընկերության առաջիկա առաջնահերթությունների և ծրագրերի քննարկման վրա:
Առաջին օրվա առավոտյան ուշադրության կենտրոնում կլինեն անցած ժամանակահատվածում «EU4Digital» նախաձեռնության շրջանակներում ձեռք բերված արդյունքները: Կեսօրը նվիրված կլինի «EU4Digital. միացնելով հետազոտական և կրթական համայնքները» (կամ EaPConnect2) ծրագրի մեկնարկին, որը միավորում է Եվրոպական միության և Արևելյան գործընկեր երկրների հետազոտական և կրթական համայնքները` թվային անջրպետի նվազեցման հաշվին:
Երկրորդ օրը նվիրված կլինի 2020 թվականից հետո Արևելյան գործընկերության ապագայի վերաբերյալ համատեղ կոմյունիկեին և երկու պանելային քննարկումներին, որոնք մեկտեղելու են Արևելյան գործընկեր երկրների ներկայացուցիչներին՝ քննարկելու իրենց առաջնահերթությունները, ինչպես նաև այն օգուտները, որոնք կարող է ապահովել թվային փոխակերպումը՝ հատկապես վերջերս COVID-19-ի բռնկման լույսի ներքո:
Միջոցառման երրորդ, չորրորդ և հինգերորդ օրերի ընթացքում տեղի կունենան թեմատիկ քննարկումներ, որոնց շրջանակներում մանրամասն կներկայացվեն EU4Digital-ի վեց թեմատիկ ոլորտների մասով ներկա վիճակը և առաջիկա ծրագրերը. «Հեռահաղորդակցության կանոններ» (ներառյալ ազգային կարգավորող մարմինների անկախությունը, հաճախականությունների ներդաշնակեցումը, լայնաշերտ կապի զարգացումը և ռոումինգի սակագների ներդաշնակեցման ուղղությամբ աշխատանքը), «Էլեկտրոնային առևտուր» (ներառյալ էլեկտրոնային կոմերցիան, էլեկտրոնային մաքսային ծառայությունները և էլեկտրոնային փոխադրումները), «Թվային վստահություն և կիբերանվտանգություն», «Թվային հմտություններ», «Թվային նորարարություններ և ստարտափ էկոհամակարգեր» ու «Էլեկտրոնային առողջապահություն»: Ղեկավար կոմիտեի նիստին զուգահեռ տեղի կունենան մի շարք վիրտուալ միջոցառումներ` նվիրված տարածաշրջանում թվային օրակարգի խթանմանը և շահագրգիռ կողմերի ներգրավմանը: Այս միջոցառումները կհամախմբեն թվային տիրույթի փորձագետներին, մասնագետներին և քաղաքականություն մշակողներին՝ կիսվելու լավագույն պրակտիկաներով և փորձով: Քննարկվելիք թեմաները ներառում են. «Ինչպե՞ս արագացնել 5G-ի գործարկումն ԱլԳ տարածաշրջանում», «Գործարար հրեշտակների և վենչուրային կապիտալի ասոցիացիաների ինտեգրումը ԵՄ-ում և համաշխարհային ցանցերին», «CEF-ի կարևորագույն տարրերից էլեկտրոնային առաքման (eDelivery CEF Building Block) գործնական ներածություն» և այլն: