EaPeReg ցանցի (Արևելյան գործընկերության էլեկտրոնային հաղորդակցության կարգավորողների ցանց) Անկախ կարգավորողների և լայնաշերտ կապի փորձագիտական աշխատանքային խումբը (ԱԿԼԿ ՓԱԽ) հանդիպել է՝ ազգային կարգավորող մարմինների անկախության գնահատման հարցը քննարկելու նպատակով:
Հոկտեմբերի 3-ից 4-ը Հունաստանի Հերակլիոն քաղաքում կայացած հանդիպմանը մասնակցել են ԱլԳ բոլոր վեց երկրների ներկայացուցիչներ, այդ թվում՝ ազգային կարգավորող մարմինների ղեկավարներ, ինչպես նաև՝ «EU4Digital» ծրագիրը, Համաշխարհային բանկն ու Եվրոպական հանձնաժողովը ներկայացնող փորձագետներ:
Հանդիպումը նվիրված էր ազգային կարգավորող մարմինների անկախության գնահատման մեթոդաբանությանը:
Հանդիպման ընթացքում ԱլԳ երկրների բարձրաստիճան ներկայացուցիչները հաստատեցին «EU4Digital» ծրագրի փորձագետների կողմից ներկայացված մեթոդաբանության ուրվագիծը:
Հանդիպմանը քննարկվել են նաև Համաշխարհային բանկի թիմի պատրաստած համեմատական վերլուծության արդյունքները, շուկայի վերլուծության մեթոդների վերաբերյալ ԵՄ լավագույն փորձերը, Լեհաստանում և Վրաստանում լայնաշերտ կապի քարտեզագրման առաջընթացը, ինչպես նաև՝ Չեխիայի Հանրապետությունում լայնաշերտ ցանցի զարգացման ուղղությամբ բարձր մակարդակի քաղաքականության և ռազմավարության մշակումը: