Արձագանք կորոնավիրուսին. 56 միլիոն եվրո` բժշկական տեխնոլոգիաներ, թվային գործիքներ և արհեստական բանականություն օգտագործող լուծումների համար

  • Ամսաթիվ: 21/05/20
  • Կիսվել:

Մայիսի 19-ին մեկնարկել է 56 միլիոն եվրո բյուջեով «Հորիզոն 2020»-ի նոր հայտամրցույթը՝ բժշկական տեխնոլոգիաների, թվային գործիքների և արհեստական բանականության վերլուծության վերաբերյալ: Այն ուղղված է բժշկական տեխնոլոգիաներ, թվային գործիքներ և արհեստական բանականություն օգտագործող լուծումների արագ տեղակայմանը՝ կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամին արձագանքման կարողությունների ընդլայնման, վերականգնման գործընթացի բարելավման և ապագայում նմանատիպ ճգնաժամերին կամ ալիքներին լավագույնս պատրաստվելու համար: Հայտամրցույթը բաց է Արևելյան գործընկերության երկրների համար:

Սույն մրցույթը հետաքրքրության հայտերի ներկայացման ավելի լայն կոչի մաս է կազմում, որի 122 միլիոն եվրոյի չափով ընդհանուր բյուջեն մոբիլիզացվել է Եվրոպական հանձնաժողովի հետազոտությունների և նորարարությունների «Հորիզոն 2020» ծրագրի միջոցներից՝ կորոնավիրուսի հաղթահարման ուղղությամբ խիստ անհրաժեշտ գործողությունների համար: Հայտամրցույթի ուշադրության առանցքում կլինեն նաև արտադրության վերապրոֆիլավորման խնդիրը՝ կենսական նշանակության բժշկական պարագաների և սարքավորումների ապահովման նպատակով, բռնկման վարքագծային, սոցիալական և տնտեսական ազդեցությունների վերլուծությունը, ինչպես նաև COVID-19-ի հարցում մասնագիտացած համաեվրոպական մասնագիտական խմբերի ձևավորումը:

Աջակցություն նորարարական լուծումներին՝ կորոնավիրուսային ճգնաժամի ժամանակներում

ԵՄ-ի կողմից աջակցություն ստացած առաջադեմ տեխնոլոգիաների մի ամբողջ ընտրանի արդեն իսկ օգտագործվում կամ վերապրոֆիլավորվում է COVID-19-ի դեմ պայքարի համար: Դրանք ներառում են հետևյալ ուղղությունները.

  • Արհեստական բանականության, ռոբոտաշինության, միկրո / նանո / կիբեր ֆիզիկական համակարգեր.
  • Կենսաֆոտոնիկա.
  • Գրաֆեն կամ հարակից նյութեր.
  • Տվյալներ, արհեստական բանականություն և ռոբոտաշինություն.
  • Էլեկտրոնային առողջապահություն, հեռաբժշկություն և թվային լուծումներ:

Որոշ գործող ծրագրեր հարմարեցվում են, որպեսզի ծառայեն այս նպատակին. օրինակ` «DIH-HERO՝ թվային նորարարական հանգույցներ առողջապահական ռոբոտաշինության ոլորտում» ընթացիկ ծրագրի շրջանակներում նորարարական ռոբոտաշինական լուծումներ են տեղակայվում առողջապահության ոլորտում: Մյուս տեխնոլոգիաները կարող են օգտագործվել րոպեների ընթացքում հարուցիչների

հայտնաբերման, մակերևույթների մանրէազերծման, գործընթացների ավտոմատացման, ավելի լավ պաշտպանական միջոցների (օրինակ՝ դիմակների) ստեղծման և հիվանդության դեպքերին ու դրանց զարգացմանը հետևելու նպատակով արհեստական բանականության օգտագործմամբ տվյալների վերլուծության համար:

Բազմաթիվ կառավարություններ, ընկերություններ և քաղաքացիական շարժումներ մշակել են շարժունակ առողջապահական նախաձեռնություններ` բնակչությանը տեղեկացված պահելու և ճգնաժամային իրավիճակի կառավարմանն օգնելու համար: ԵՄ կողմից ֆինանսավորվող mHealth Hub ծրագրի միջոցով ստեղծվել է եվրոպական մակարդակում մշակված որոշ նախաձեռնությունների անսպառ կոմպիլյացիա:

Արագ և մատչելի արդյունքներ բոլորի համար

Հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2020 թվականի հունիսի 11-ն է, որը տվյալ մրցույթին տույլ կտա կենտրոնանալ արագ արդյունքների ապահովման վրա: Նոր լուծումները պետք է հասանելի և մատչելի լինեն բոլորի համար՝ կորոնավիրուսին գլոբալ արձագանքման սկզբունքներին համապատասխան: Այդ նպատակով Հանձնաժողովը դրամաշնորհային պայմանագրերում կներառի տվյալների արագ փոխանակման մասին դրույթներ` գյուտերի և արդյունքների անհապաղ օգտագործումը հնարավոր դարձնելու համար:

Covid-19-ի դեմ թվային տեխնոլոգիաների (օրինակ՝ տվյալներ, գերհամակարգիչներ և արհեստական բանականություն) օգտագործմամբ պայքարում անդամ պետություններին Հանձնաժողովի կողմից ներկայում ցուցաբերվող աջակցության մասին լրացուցիչ տեղեկությունները հասանելի են այս կայքէջում:

Մամուլի հաղորդագրություն

Կորոնավիրուս. Հանձնաժողովը լրացուցիչ 122 միլիոն եվրոյով նպաստում է հրատապ անհրաժեշտ հետազոտությունների և նորարարությունների իրականացմանը

Նորություններ

Ցուցադրել բոլորը