ԵՄ կողմից ֆինանսավորվող CyberEast ծրագիրն ամփոփել է արևելյան գործընկեր վեց երկրների իշխանությունների համար առցանց խարդախությունների վերաբերյալ սեմինարների շարքը:
Այս երկօրյա սեմինարները հավաքել են կիբերհանցագործությունների հետաքննիչներին, ֆինանսական հետաքննիչներին, ֆինանսական հետախուզության աշխատակիցներին, ֆինանսական ոլորտի կարգավորողներին, ինչպես նաև մասնավոր հատվածի սուբյեկտներին ու բիզնես ասոցիացիաներին՝ առցանց հանցագործություններից ստացվող եկամուտները հայտնաբերելու և դրանց դեմ պայքարի հետ կապված խնդիրները քննարկելու, ինչպես նաև հաղորդման մեխանիզմների և միջգերատեսչական / պետական-մասնավոր հատվածների համագործակցության պատշաճ աշխատանքն ապահովելու համար:
Առցանց խարդախությունների, հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների և հաղորդման մեխանիզմների վերաբերյալ վերջին սեմինարը՝ նախատեսված Ադրբեջանի իշխանությունների համար, կայացավ 2020 թվականի հունվարի 14-15-ին: Սեմինարների շարքը մեկնարկել էր 2020 թվականի մարտին:
Քանի որ Արևելյան գործընկերության տարածաշրջանը գնալով ինտեգրվում է համաշխարհային տնտեսության մեջ, և օրեցօր ավելանում է ինտերնետից օգտվող մարդկանց թվաքանակը, տեղեկատվական տեխնոլոգիաների, համակարգչային համակարգերի և տվյալների օգտագործմամբ ֆինանսական հանցագործությունները դառնում են ավելի տարածված: Կիբերհանցագործության նման ձևերի դեմ պայքարի արդյունավետությունը կախված է բազմաթիվ գործոններից, ներառյալ` այդպիսի հանցավոր գործողությունների ժամանակին հաղորդումը և հետևումը, հանցավոր ճանապարհներով ստացված եկամուտները բռնագրավելու և փողերի լվացման դեմ պայքարի խիստ գործողությունները, ինչպես նաև պետական գերատեսչությունների ու պետական և մասնավոր հատվածների միջև պաշտոնական ու ոչ պաշտոնական համագործակցությունը:
Այս շարքին կհետևեն ներգրավված երկրների համար նախատեսված հատուկ վերապատրաստման դասընթացներ և վարժանքներ: 2021 թ.-ի վերջին և 2022 թ.-ի սկզբին ծրագրի շրջանակներում կկազմակերպվի նաև առնվազն մեկ տարածաշրջանային հանդիպում:
ԵՄ կողմից ֆինանսավորվող CyberEast ծրագիրը նպատակ ունի նպաստել Կիբերհանցագործությունների մասին Բուդապեշտի կոնվենցիային և հարակից փաստաթղթերին համապատասխան օրենսդրական և քաղաքականության շրջանակների ընդունմանը, ամրապնդել դատական և իրավապահ մարմինների կարողություններն ու միջգերատեսչական համագործակցությունը: Ծրագիրը մեծացնում է արդյունավետ քրեական արդարադատության, կիբերհանցագործությունների և էլեկտրոնային ապացույցների ուղղությամբ միջազգային համագործակցությունն ու վստահությունը, այդ թվում` ծառայություն մատուցողների և իրավապահ մարմինների միջև: