EU4Digital-ի ՏՀՏ նորարարությունների թիմի կողմից ապրիլի 22-ին կազմակերպված ցանցային միջոցառման շրջանակներում ներկայացվեցին թվային նորարարական հանգույցների (ԹՆՀ) զարգացմանն ու ցանցի ձևավորմանն աջակցող ԵՄ առաջատար նախագծերի ու նախաձեռնությունների ծառայություններն ու ցանցերը: Միջոցառման ընթացքում քննարկվեցին նաև արևելյան գործընկեր երկրներում մասնագիտացված ծառայություններ, բիզնես մոդելներ և կարողությունների զարգացման ծրագրեր ստեղծելու մոտեցումները:
Միջոցառմանը մասնակցում էին ոլորտի առաջատար ԵՄ կազմակերպությունների ներկայացուցիչներ, ներառյալ.
- Եվրոպական հանձնաժողովը (DG CONNECT).
- Թվային նորարարական հանգույցների ցանցը (DIHNET.EU).
- Խորքային տեխնոլոգիաների (deep tech) ֆինանսավորման Եվրոպայում խոշորագույն FundingBox էկոհամակարգը․
- «ՏՀՏ նորարարություններ՝ արտադրական ՓՄՁ-ների համար» (I4MS) ԵՄ նախաձեռնությունը․
- ԵՄ անդամ երկրի ԹՆՀ․ am-LAB (Հունգարիա)։
Միջոցառումը ներգրավել էր արևելյան գործընկեր երկրների պետական և մասնավոր հատվածի 39 թիրախային կազմակերպությունների շուրջ 70 ներկայացուցիչների: ՓՄՁ-ների թվային փոխակերպման և «Արդյունաբերության 4.0»-ի վերաբերյալ քննարկումներ անցկացվեցին թվային տեխնոլոգիական ենթակառուցվածքներով կոմպետենցիաների կենտրոնների, բիզնեսի աջակցման կազմակերպությունների, ցանցերի և ասոցիացիաների ներկայացուցիչների, ինչպես նաև արևելյան գործընկեր երկրներում նորարարական էկոհամակարգերի զարգացումը համակարգող գերատեսչությունների ու գործակալությունների հետ: Միջոցառումը բացեց EU4Digital-ի ծրագրային թիմի ղեկավար Արտուրաս Պիլիպոնիսը, ով ներկայացրեց «EU4Digital» ծրագիրն ու ցանցային միջոցառման նպատակները: Դրանից հետո Եվրոպական հանձնաժողովի (DG CONNECT) գործուղված ազգային փորձագետ Մաթիաս Կուոմը հանդես եկավ ««Եվրոպական արդյունաբերության թվայնացում» նախաձեռնությունը և եվրոպական թվային նորարարական հանգույցները (ԵԹՆՀ-ներ)» թեմայով հիմնական ելույթով: Նա մանրամասներ ներկայացրեց «Եվրոպական արդյունաբերության թվայնացում» նախաձեռնության և եվրոպական ԹՆՀ-ների զարգացման վերաբերյալ՝ շեշտը դնելով նորարար և արդյունավետ տնտեսական փոխակերպման համար խելացի մասնագիտացման կարևորության վրա: Պրն․ Կուոմը նշեց, որ ՓՄՁ-ներին աջակցելու ԵՄ քաղաքականությունը բաց է ինչպես պետական, այնպես էլ մասնավոր գիտահետազոտական կազմակերպությունների համար
Մասնակիցներին առաջարկվեց ուսումնասիրել համագործակցությունների դյուրացմանն ուղղված նախագծերն ու բաց նախաձեռնությունները, ինչպիսին «Smart Anything Everywhere»-ն է (SAE), որն աջակցում է նորարարական տարբեր ոլորտներում ԹՆՀ-ների ցանցերի ձևավորմանը։
Միջոցառման շրջանակներում հաջորդիվ խոսեց DIHNET․EU-ի նախագծային թիմի ղեկավար Մաուրից Բուտերը, ով ներկայացրեց «Եվրոպական ԹՆՀ լանդշաֆտի ակնարկը»: Նա ներկայացրեց ԵԹՆՀ ցանցի չորս կառուցվածքային բլոկները և փարոսի մեխանիզմը, որն արևելյան գործընկեր երկրների կազմակերպությունների կողմից մասնագիտացումների օգտագործումն ընդգծում է որպես Եվրոպայում այլ ԹՆՀ-ների հետ համագործակցության հաստատման բանալի: Պրն․ Բուտերը մասնակիցների հետ կիսվեց տեղեկատվությամբ, թե ինչպես կարելի է տեղեկանալ պարբերաբար թարմացվող, մասնակցության տարբեր պահանջներ ունեցող և հիմնականում ՓՄՁ-ների կարիքներին անմիջականորեն առնչվող ծրագրերի բաց մրցույթների մասին: Բանախոսը մասնակիցներին կոչ արեց գործնականություն դրսևորել և գործել` իրենց կազմակերպությունը հաշվառելով թվային նորարարական հանգույցների կատալոգում և դիմելով այլ ԹՆՀ-ներին՝ համագործակցության համար:
FundingBox-ի գործընկեր և բիզնեսի զարգացման գծով գլխավոր տնօրեն Մայտե Կարասեդոն «Թվային փոխակերպման ճանապարհին ՓՄՁ-ներին աջակցելու հիմնական մեխանիզմների FundingBox-ի փորձը» զեկույցի շրջանակներում ներկայացրեց արևելյան գործընկեր երկրների համար հասանելի ԹՆՀ զարգացման և երրորդ կողմերին ֆինանսական աջակցության տրամադրման (cascade funding) հնարավորությունները: Տկն․ Կարասեդոն մանրամասն անդրադարձավ երրորդ կողմերին ֆինանսական աջակցության տրամադրման մեխանիզմին, որը կիրառելի է ՓՄՁ-ների թվային փոխակերպման համար, և կիսվեց ԹՆՀ-ի կայացման ու զարգացման լավագույն պրակտիկաներով: Որպես ԹՆՀ-ի ստեղծման նախապայման նշվեց տեղական ՓՄՁ-ների հետաքրքրությունը: ԹՆՀ-ի զարգացման վրա ազդող այլ կարևոր գործոններն են բիզնես պլանի առկայությունը, գործընկերների կոմպետենցիաների քարտեզագրումը, կոնֆլիկտներից խուսափելու համար ամուր կոնսորցիումային համաձայնագրի մշակումը և այլ ԹՆՀ-ների հետ կոնկրետ համագործակցության ցանցերի ձևավորումը։
EU4Digital-ի ՏՀՏ նորարարությունների թիմի ղեկավար Աննա Պոբոլը շեշտեց, որ երրորդ կողմերին ֆինանսական աջակցության տրամադրումը կարող է կրկնօրինակման կատարյալ մոդել հանդես գալ արևելյան գործընկեր երկրներում՝ ազգային և արտաքին ֆինանսավորման աղբյուրների օգտագործման միջոցով, քանի որ այս մոդելը պակաս բյուրոկրատական ընթացակարգերի պատճառով ֆինանսավորման նպատակային և պարզեցված հասանելիություն է ապահովում: Միջոցառման երկրորդ մասը նվիրված էր վերամշակող արդյունաբերության թվայնացմանն աջակցող ԹՆՀ-ներին: «I4MS» ծրագրի ղեկավար Մարիա Ռոկան իր ««ՏՀՏ նորարարություններ՝ արտադրական ՓՄՁ-ների համար» ԵՄ նախաձեռնությունը» թեմայով զեկույցի շրջանակներում ներկայացրեց թվային նորարարությունների միջոցով արտադրական ՓՄՁ-ների մրցունակության խթանման համար մատչելի գործիքները: Դրանք ներառում են փորձագետների տվյալների ընդարձակ շտեմարանով I4MS-ի առցանց համայնքի նկատմամբ անվճար մուտքը, բրոքերային համակարգը, ինչպես նաև համայնքի
անդամների կողմից անցկացվող առաջադեմ դասընթացների կատալոգը: Բանախոսը դիտարկեց արտադրական ձեռնարկությունների առջև ծառացած ընդհանուր մարտահրավերները, ներկայացրեց ՓՄՁ-ների համար բաց մրցույթները, ինչպես նաև արտադրական ՓՄՁ-ների թվայնացմանն աջակցող գործնական գործիքները, ինչպիսիք են՝ MIDIH-ը և AMable-ը: Ի լրումն, տիկին Ռոկան ներկայացրեց ԱլԳ կազմակերպությունների՝ I4MS-ի կոնտակտային կետեր դառնալու և ՓՄՁ-ների թվայնացման վերաբերյալ տեղեկատվական օժանդակ աջակցությունից օգտվելու հնարավորությունը:
Հանդիպման վերջին հատվածում «ԵՄ անդամ պետության առաջատար ԹՆՀ-ների փորձը. ծառայությունների մասնագիտացում և աշխատանքի բիզնես մոդել» թեմայով զեկույցով հանդես եկավ հունգարական ԹՆՀ-ի հիմնադիր, 2020 թ. ԹՆՀ Չեմպիոնների մարտահրավերի հաղթող Բալաժ Բարտան: Պրն. Բարտան ներկայացրեց ծառայությունների պորտֆելի ստեղծման ուղղությամբ am-LABs ԹՆՀ-ի զարգացման ճանապարհը, որը ներառել է մի շարք աշխատաժողովներ` շուկայի կարիքները և մասնագիտական փորձի կուտակմանն ուղղված համատեղ նախագծերի ու ծրագրերի շրջանակներում միջազգային գործընկերության ուղիները սահմանելու համար: Մասնակիցներին կոչ արվեց իրենց ծառայություններն ու բիզնես մոդելները զարգացնելիս դրսևորել ստեղծարարություն: Նրանք նաև am-LAB-ի հետ համագործակցության հրավեր ստացան:
Ուկրաինական APPAU ասոցիացիայի տնօրեն Ալեքսանդր Յուրչակը շեշտեց, որ անհրաժեշտ տեխնոլոգիական ենթակառուցվածքների բացակայության պատճառով ԱլԳ երկրների ԹՆՀ-ների համար դժվար է ներդնել և իրականացնել տեխնոլոգիական փորձարկում ու վավերացում: Ի պատասխան, պրն. Բարտան կիսվեց իրենց լաբորատորիան տեխնիկական ենթակառուցվածքով վերազինելու և ՓՄՁ-ներին խորհրդատվություն տրամադրելու նպատակով անձնակազմի հմտությունների բարձրացման գործընթացների փորձով, որոնց ընթացքում նրանք փնտրել են ինժեներների, ովքեր կցանկանային անսովոր աշխատանքի մեթոդներ սովորել ու փորձել դրանք:
Պրն. Յուրչակը, ով աշխատում է Ուկրաինայում Industry4Ukraine հարթակի զարգացման ուղղությամբ, ընդգծեց նաև, որ ԵՄ հաջողակ ԹՆՀ-ների հետ թվային նորարարական հանգույցների գործառնական մոդելների շուրջ փորձի փոխանակումը հավասարապես արժեքավոր է արևելյան գործընկեր երկրների այն կազմակերպությունների համար, որոնք ցանկանում են զարգացնել ՓՄՁ-ների համար իրենց տեխնոլոգիական ենթակառուցվածքային կարողությունները՝ նոր լուծումներ փորձարկելու և տեղակայելու համար: Նա աջակցություն հայտնեց ԵՄ և ԱլԳ կազմակերպությունները միմյանց կապելու և գործնական ուսումնական այցեր կազմակերպելու հետագա նախաձեռնություններին: Ի լրումն ասվեց, որ ավելի հստակ ծրագրերի անհրաժեշտություն կա, որոնք ուղղված կլինեն արևելյան գործընկեր երկրների կոմպետենցիաների և փորձագիտական կենտրոնների տեխնոլոգիական ենթակառուցվածքների բացը վերացնելուն: Միջոցառման ավարտին EU4Digital-ի ՏՀՏ նորարարությունների թիմի ղեկավար Աննա Պոբոլը նշեց, որ ԵՄ քաղաքական պրակտիկաներից ու ՓՄՁ-ների թվային փոխակերպումն ապահովող գործիքներից միայն քաղաքականություն մշակողները չէ, որ կարող են օգուտ քաղել: Նորարարական էկոհամակարգի բոլոր դերակատարները՝ տեխնոլոգիաների մատակարարները, գիտահետազոտական կազմակերպությունները, գործարար
ասոցիացիաներն ու նորարարական ենթակառուցվածքային կազմակերպությունները, կարող են առաջընթաց գրանցել՝ ծանոթանալով ԵՄ ԹՆՀ-ների՝ հաստատված աշխատանքային պրակտիկաներին ու ծառայությունների փաթեթներին: Արևելյան գործընկեր երկրների կազմակերպությունները պետք է քայլեր ձեռնարկեն` իրենց մասնագիտացումն ընդլայնելու և թվային տեխնոլոգիաներն իրենց երկրների ՓՄՁ-ների համար ավելի մատչելի դարձնելու ուղղությամբ` միանալով ԵՄ ցանցերին և ավելին իմանալով միջազգային նորարարական համայնքների գործիքների ու փորձի մասին:
***
ՏՀՏ նորարարությունների ոլորտում գործարար կապերի հաստատմանն ուղղված միջոցառումներ
ՏՀՏ նորարարությունների ոլորտում գործարար կապերի հաստատմանն ուղղված միջոցառումները նպատակ ունեն նպաստել ԱլԳ համայնքների կայացմանը ՏՀՏ նորարարությունների ընտրված քաղաքականության ոլորտներում: Բացի տարածաշրջանում ցանցեր ստեղծելուց, դրանք ձգտում են երկկողմ և բազմակողմ կամուրջներ հաստատել Արևելյան գործընկերությունը ներկայացնող կազմակերպությունների և ԵՄ շահագրգիռ կողմերի միջև` հետագայում համատեղ կայուն գործողությունների և նախագծերի իրականացման համար: Այս ջանքերն ուղղված են տարածաշրջանի շահագրգիռ կողմերի կողմից ԵՄ համապատասխան լավագույն պրակտիկաների առավել ընդհանուր և խորացված յուրացմանն ու ըմբռնմանը: Այսպիսով, միջոցառումների շարքն ուղղված է լայն լսարանին, ներառյալ նախարարներին ու քաղաքականության համապատասխան ոլորտներում ներգրավված գործակալություններին, ասոցիացիաներին ու ցանցերին, ՏՀՏ ենթակառուցվածքային կազմակերպություններին, ինչպես նաև ՏՀՏ նորարարությունների էկոհամակարգի այլ դերակատարներին
Presentations: