EU4Digital-ի էլեկտրոնային առողջապահության թիմը ապրիլի 2-ին կազմակերպում է առցանց աշխատաժողով: Այն նպատակ ունի համախմբել Արևելյան գործընկերության (ԱլԳ) վեց երկրների շահագրգիռ կողմերին` փետրվարի 11-ին կայացած նախորդ աշխատաժողովի ընթացքում բարձրացված հարցերը գնահատելու և քննարկելու ու ավելի ուշ՝ եռամսյակի ավարտին կայանալիք երկրների մակարդակում գործող ցանցերի ֆիզիկական հանդիպմանը նախապատրաստվելու, ինչպես նաև ԱլԳ երկրներում էլեկտրոնային առողջապահության հետ վստահության և անվտանգության ինտեգրման շուրջ տեսակետներով փոխանակվելու համար:
ԱլԳ երկրների ներկայացուցիչները թվային էլեկտրոնային առողջապահության ոլորտում իրենց երկրների լավագույն փորձի մասին նախնական պրեզենտացիա կներկայացնեն, իսկ էլեկտրոնային առողջապահության թիմը նրանց կօգնի նախապատրաստվել ու այն բերել ավելի համապարփակ տեսքի՝ էլեկտրոնային առողջապահության ցանցի հանդիպմանը ներկայացնելու համար:
Այս միջոցառման նպատակը տարածաշրջանում էլեկտրոնային առողջապահության ոլորտային նորարարությունների և զարգացումների վերաբերյալ գիտելիքների փոխանակումն է, ինչպես նաև՝ նմանատիպ թեմաներով և նախաձեռնություններով հետաքրքրված գործընկերների միջև համագործակցության խթանումը:
EU4Digital-ի թիմը կկիսվի նաև վստահության և անվտանգության հասունության մակարդակի վերաբերյալ սեփական պատկերացումներով՝ հիմնվելով EU4Digital-ի Վստահության և անվտանգության թիմի իրականացրած երկրների գնահատման վրա, և կխթանի ԱլԳ երկրներում էլեկտրոնային առողջապահության դոմենային ծառայություններում վստահության և անվտանգության ինտեգրման ընդհանուր ուղենիշների հեռանկարների քննարկումը: Այս գործողությամբ նպատակ է հետապնդվում թվային վստահության և անվտանգության թեմաները ներառել ԱլԳ երկրների էլեկտրոնային առողջապահության ներդաշնակեցված ուղեցույցներում:
Բացի այդ, տեսաաշխատաժողովի շրջանակներում կքննարկվի էլեկտրոնային առողջապահության ոլորտում համագործակցության հարթակի հարցը: Համագործակցության հարթակը նոր հաղորդակցական տարածություն է՝ էլեկտրոնային առողջապահության ծառայություն և ուղեցույցներ մշակող շահագրգիռ կողմերի համար: Աշխատաժողովի ընթացքում էլեկտրոնային առողջապահության թիմը և երկրների ներկայացուցիչները կհամաձայնեցնեն հարթակի շահագործման հաջորդական քայլերը: Քննարկված բոլոր հարցերը կծառայեն երկրների մակարդակում գործող ցանցերի ֆիզիկական հանդիպման բարելավմանը: Այն նախատեսված է անցկացնել մայիս ամսին՝ Կիևում, բայց ամսաթիվը կարող է փոփոխվել՝ կորոնավիրուսով (COVID-19) պայմանավորված հանգամանքներից ելնելով: Այս և նախորդ տեսաաշխատաժողովների ընթացքում բարձրաձայնված և պարզաբանված թեմաները մանրակրկիտ կերպով կքննարկվեն ու կզարգացվեն: