ԵՄ միայն չորս երկիր է թվայնացմամբ գերազանցում ԱՄՆ-ին. ԵՆԲ-ն հրապարակել է ԵՄ-ում և ԱՄՆ-ում թվայնացման վիճակի մասին նոր զեկույցը

  • Ամսաթիվ: 21/04/20
  • Կիսվել:

Կորոնավիրուսի դեմ պայքարում թվային տեխնոլոգիաներն աննախադեպ դերակատարություն ունեն առօրյա կյանքի և տնտեսական ու սոցիալական գործունեության ապահովման, ինչպես նաև արդյունաբերության ու բիզնեսի վերականգնման գործում: Կորոնավիրուսային համաճարակը բեկումնային պահ, իմա՝ նոր դարաշրջանի սկիզբ է թվայնացման համար՝ արագացնելով թվային տեխնոլոգիաների հասունացումը. այն, ինչ ժամանակին «հաճելի էր ունենալ», այժմ, հնարավոր է, «անհրաժեշտ է ունենալ»: Որպեսզի միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարներում բիզնեսներն ու կազմակերպությունները զարգանան և ավելի ճկուն դառնան, նախկինից ավելի արդիական կարող է լինել թվային փոխակերպման ծրագրերի վերանայումը՝ «նոր իրավիճակում» մրցունակ մնալու համար:

Այս համատեքստում ԵՆԲ-ի նոր «Ո՞վ է պատրաստ նոր թվային դարաշրջանին: ԵՆԲ ներդրումային հետազոտության տվյալները» զեկույցը եզակի բիզնես տեսանկյունից դիտարկում է ԵՄ-ում և ԱՄՆ-ում թվայնացման վիճակը: Ընկերությունների շրջանում անցկացված հարցման հիման վրա կազմված զեկույցը ցույց է տալիս, որ բազմաթիվ ոլորտներում ԵՄ ընկերությունները հետ են մնում ԱՄՆ-ից: Դրանում նաև անդրադարձ է կատարվել ընկերությունների շրջանում առկա  հիմնական մտահոգություններին, երբ խոսքը գնում է թվային տեխնոլոգիաների ներդրման և դրանցում ներդրումների իրականացման մասին: Մասնավորապես, դրանում ընդգծվում է, թե ինչպես է կառավարման, հմուտ աշխատուժի և կարգավորող միջավայրի նկատմամբ հասանելիությունն ազդում եվրոպական, ինչպես նաև ամերիկյան ընկերությունների թվայնացման վրա:

«Եթե եվրոպացի քաղաքական գործիչները ցանկանում են, որպեսզի եվրոպական ընկերությունները դառնան ավելի թվային, ապա նրանք պետք է լուծեն թվայնացման ուղղությամբ ներդրումների ոլորտում կառուցվածքային խոչընդոտների հարցը: Քաղաքականության գործողությունները պետք է ձեռնարկեն միջոցներ, որոնք ուղղված կլինեն թվային տեխնոլոգիաների ներդրման արագացմանը: Դրանց թվում են՝ կառավարման ավելի առաջադեմ հմտություններն ու պրակտիկաները, դասընթացների միջոցով աշխատողների հմտությունների կատարելագործումը, ինչպես նաև ոչ նյութական ակտիվների և թվային տեխնոլոգիաների ոլորտում ներդրումների ֆինանսավորման հեշտացումը: Covid-19-ով պայմանավորված ընթացիկ տնտեսական ճգնաժամը կարող է առիթ հանդիսանալ նշված նախաձեռնություններից որոշների առաջանցիկ իրագործման համար», – ասել է ԵՆԲ գլխավոր տնտեսագետ Դեբորա Ռեվոլտելլան:

ԵՄ-ն հետ է մնում ԱՄՆ-ից թվայնացման գործում

ԵՆԲ թվայնացման համաթիվը, որը ներկայացված է զեկույցում և հիմնված է ընկերություններից հավաքված տվյալների և դրանց ընկալումների վրա, ցույց է տալիս, որ ԵՄ-ն հետ է մնում ԱՄՆ-ից: Թվայնացման տեսանկյունից ԵՄ միայն չորս երկիր է գերազանցում ԱՄՆ-ին. Դանիա, Նիդեռլանդներ, Չեխիա և Ֆինլանդիա:

Միջին հաշվով, եվրոպական ընկերությունները նվազ հաճախականությամբ են լիարժեքորեն օգտագործում թվային տեխնոլոգիաներ և դրանց ուղղությամբ ավելի քիչ ներդրումներ են կատարում, քան իրենց ամերիկյան կոլեգաները: ԱՄՆ-ի և ԵՄ-ի միջև տարբերությունը հատկապես մեծ է շինարարության ոլորտում. թվային ընկերությունների մասնաբաժինը ԵՄ-ում կազմում է 40%, իսկ ԱՄՆ-ում` 61%: Ծառայությունների ոլորտում ԵՄ-ի և ԱՄՆ-ի ընկերությունների թվային տեխնոլոգիաների ներդրման ցուցանիշների միջև տարբերությունը կազմում է 13 տոկոսային կետ, իսկ ենթակառուցվածքների ոլորտում՝ 11 տոկոսային կետ: Ինչ վերաբերում է արտադրությանը, ապա ԵՄ-ում ընկերությունների միայն 66%-ն է հայտնել առնվազն մեկ թվային տեխնոլոգիայի ներդրման մասին՝ ԱՄՆ-ում 78%-ի համեմատ:

Թվային ընկերությունների կատարողականն ավելի բարձր է

Զեկույցը վկայում է նաև թվային բիզնեսի ավելի լավ և դինամիկ գործունեության մասին: Թվային ընկերություններն հակված են ունենալ ավելի բարձր արտադրողականություն, քան ոչ թվայինները, ունեն կառավարման ավելի լավ մեթոդներ, ավելի նորարար են, ավելի արագ են աճում և ավելի բարձր վարձատրվող աշխատատեղեր են ստեղծում, ինչով նաև հեշտացնում են համաշխարհային ճգնաժամից հետո վերականգնումը:

Թվայնացման համար կարևոր նշանակություն ունեն նաև չափերը. խոշոր ընկերությունները հակված են ավելի արագ թվայնացման ինչպես ԵՄ-ում, այնպես էլ՝ ԱՄՆ-ում: Այսպիսի էֆեկտը հատկապես դրսևորվում է արտադրական ձեռնարկություններում: Մինչև տասը աշխատակից ունեցող ԵՄ ընկերությունների միայն 30%-ն է, որ ներդրել է թվային տեխնոլոգիաներ, մինչդեռ ավելի քան 250 աշխատող ունեցող ձեռնարկությունների համար այդ մասնաբաժինը հասնում է մինչև 79%-ի: Եվրոպային բնորոշ հիմնական խոչընդոտը ըստ ընկերության չափի անբարենպաստ բաշխումն է: ԵՄ-ում գործող բազմաթիվ փոքր, հատկապես հին ընկերությունները համարում են, որ աշխատաշուկայի կանոնակարգերը, բիզնեսի կանոնակարգերը և արտաքին ֆինանսավորման բացակայությունը հիմնական խոչընդոտ են հանդիսանում ներդրումների համար, ինչը կարող է էլ ավելի հեռվացնել թվային տեխնոլոգիաների ներդրումը:

Կարդացեք զեկույցն ու երկրների մակարդակով վերլուծությունը.

https://www.eib.org/en/publications/who-is-prepared-for-the-new-digital-age

կամ

կարդացեք ամփոփ զեկույցն՝ առցանց կարգով.

https://www.eib.org/en/about/economic-research/surveys-data/eibis-digitalisation-report

Նորություններ

Ցուցադրել բոլորը