Հեռավար աշխատանքային միջավայր հանկարծակի անցումը պատճառ դարձավ, որպեսզի շատերս վերանայենք մեզ շրջապատող աշխարհի հետ փոխգործակցելու ձևը՝ ընդգծելով թվային վստահության ծառայությունների՝ որպես թվային տարածքում վստահելի և անվտանգ փոխգործակցության առանցքային հնարավորության կարևորությունը: Այս տարվա մարտից հունիս ընկած ժամանակահատվածում, երբ ամբողջ աշխարհում մեկուսացման խիստ միջոցներ էին կիրառվում, «ԵՄ նշանի» օգտագործմամբ էլեկտրոնային ստորագրության գործողությունների ամսական քանակն աճեց 600 տոկոսով: Արևելյան գործընկեր երկրները ևս կարող են առցանց աշխատանքի անցումը որպես խթանող գործոն օգտագործել թվային վստահության ծառայություններում փոփոխությունների համար:
Ներկա իրավիճակը թվային վստահության ծառայությունների ոլորտում
Եվրոպական միությունում էլեկտրոնային ստորագրությունները (eSignatures) կարգավորվում են eIDAS կանոնակարգով, որը ԵՄ 27 երկրներում էլեկտրոնային նույնականացման (eID) և էլեկտրոնային ստորագրությունների մեկ միասնական շրջանակի պահանջ է դնում: Տեխնոլոգիական իրականացումը, վստահության ծառայությունները և էլեկտրոնային ստորագրությունների ոլորտը կարգավորող տեղական օրենսդրությունը մեծապես տարբերվում են արևելյան գործընկեր երկրներից յուրաքանչյուրում, ինչպես նաև ԵՄ երկրներում գործողներից:
Երկրներից յուրաքանչյուրում առկա իրավիճակը հասկանալու համար «EU4Digital» ծրագիրն ավարտին է հասցրել արևելյան գործընկեր երկրներում թվային վստահության և էլեկտրոնային նույնականացման ծառայությունների հասունության գնահատումը: Դրա շրջանակներում ԱլԳ տարածաշրջանը գնահատվել է կազմակերպչական, իրավական և տեխնոլոգիական տեսանկյուններից: Էլեկտրոնային ստորագրության փոխադարձ ճանաչման համար այդպիսիք ստեղծող սարքերը պետք է համապատասխանեն eIDAS-ում նշված որոշակի չափանիշների, բայց գնահատման արդյունքում պարզվեց, որ ներկայումս օգտագործվող միջոցները տարբեր են: Միջսահմանային էլեկտրոնային նույնականացման և էլեկտրոնային ստորագրության ներդաշնակեցումը ներկայումս գործող պահանջ է բազմաթիվ կարևոր բնագավառներում, մասնավորապես` տվյալների գաղտնիության և պաշտպանության հետ կապված ոլորտներում:
Էլեկտրոնային ստորագրության պիլոտային նախաձեռնությունը
«EU4Digital» ծրագրի կողմից ղեկավարվող էլեկտրոնային ստորագրության պիլոտային նախաձեռնությունը ներկայումս ընտրված արևելյան գործընկեր երկրների միջև փորձարկում է միջսահմանային էլեկտրոնային ստորագրության գործողությունը: Էլեկտրոնային ստորագրության պիլոտային ծրագիրն իրականացվում է Ուկրաինայի ու Էստոնիայի (ԱլԳ – ԵՄ) և Ուկրաինայի ու Մոլդովայի (ԱլԳ – ԱլԳ) միջև: 2020 թվականի ապրիլին մեկնարկած միջսահմանային էլեկտրոնային ստորագրության պիլոտային ծրագիրը ներառում է ժամանակի դրոշմման, վավերացման մեխանիզմների, հավաստագրի կարգավիճակի ստուգման գործողություններ, ինչպես նաև գործնականում փորձարկում է որակյալ էլեկտրոնային ստորագրության (թվային ստորագրության) լուծումը:
Կարևոր է ընդգծել, որ էլեկտրոնային ստորագրության պիլոտային գործողությունները հնարավորություն կտան պատկերացում կազմել թվային վստահության ծառայությունների փոխադարձ ճանաչման ինչպես տեխնիկական, այնպես էլ կազմակերպչական միջսահմանային ասպեկտների վրա: Միջսահմանային էլեկտրոնային ստորագրությունը թվային միասնական շուկան դեպի Արևելյան հարևանության տարածք ընդարձակմանը նպաստող հիմնական գործոններից մեկն է, և, հետևաբար, «EU4Digital» ծրագիրն ամբողջ գործընթացի ընթացքում կաջակցի և կբացահայտի, թե ինչ է անհրաժեշտ արևելյան գործընկեր երկրներում էլեկտրոնային ստորագրության լիարժեք ներդրման համար: Բացի այդ, «EU4Digital» ծրագիրը շարունակականություն ապահովելու նպատակ է հետապնդում, և, հետևաբար, ծրագրի փորձագետները կստեղծեն ԱլԳ տարածաշրջանում էլեկտրոնային նույնականացման միջոցների փոխադարձ ճանաչմանն ուղղված տարածաշրջանային ճանապարհային քարտեզ և գործողությունների ազգային ծրագրեր՝ հիմնված eIDAS-ի վրա ու լիովին համապատասխանելով ԱլԳ երկրների համար ԵՄ օրենսդրությանը:
Կարդալ ավելին՝ Ո՞ր երկրների միջև է EU4Digital-ը փորձարկում էլեկտրոնային ստորագրության համակարգը: Ի՞նչ է այն իրականում ներառելու