2020 թվականի նոյեմբերի 25-27-ին «Կիբերանվտանգության ամուր ենթակառուցվածքների զարգացում» խորագրի ներքո անցկացվեց «Մոլդովայի կիբեր շաբաթ» (Moldova Cyber Week) 8-րդ միջոցառումը, որը կազմակերպվել էր EU4Digital–ի «Cybersecurity East» ծրագրի և Հեռահաղորդակցական միջազգային միության (ITU) կողմից:
Միջոցառմանը ներկա էին բարձրաստիճան պաշտոնյաներ, դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ և մասնագետներ ավելի քան 12 երկրներից, այդ թվում՝ Արևելյան գործընկեր վեց երկրներից: Միջոցառմանն առցանց կարգով հետևում էին գրեթե 1300 մասնակիցներ, որպեսզի ավելին իմանան «նոր նորմալ» դարաշրջանում կիբերանվտանգության ենթակառուցվածքների, 2020 թ.-ի հիմնական միտումների, արհեստական բանականության լուծումների, արդյունավետ էկոհամակարգերի ստեղծման, ոլորտում տարածաշրջանային և միջազգային համագործակցության, ինչպես նաև, այլ պետությունների փորձի տեսանկյունից, ազգային կիբերանվտանգության կարողությունների զարգացման մասին:
Համաժողովը բացեց Մոլդովայի Հանրապետության վարչապետ Իոն Կիկուն, որից հետո խոսքով հանդես եկավ Մոլդովայի Հանրապետությունում ԵՄ դեսպան Պետեր Միխալկոն, ով ներկայացրեց ԵՄ կիբերանվտանգության օրենսդրությունում առկա իրավիճակը: Դեսպանը նաև շեշտեց կիբերանվտանգության և կիբերհանցավորության վերաբերյալ EU4Digital–ի նախագծերի միջոցով արևելյան գործընկեր վեց երկրներին ուղղվող ԵՄ աջակցությունը։
ԵՄ կողմից ֆինանսավորվող «Cybersecurity East» ծրագրի թիմի ղեկավար Բեսնիկ Լիմայը ներկայացրեց ծրագրի գործողությունները և շեշտեց կիբերանվտանգության ոլորտում բոլորի համատեղ պատասխանատվությունը. «Կարծում եմ, որ այս բոլոր հավակնոտ քաղաքականությունների հիմնական մարտահրավերը կայանում է դրանք ԱլԳ տարածաշրջանի միջին վիճակագրական քաղաքացու համար հստակ որևէ բանի վերածելու մեջ․ որևէ պարզ, բայց աշխատող բանի: ԵՄ կողմից ֆինանսավորվող մեր ծրագրի, մեր կոնսորցիումի անդամների և մեր ֆանտաստիկ փորձագետների թիմի միջոցով մենք կհամախմբենք ԱլԳ վեց երկրների համայնքներին՝ համոզվելով, որ ունենք շահագրգիռ կողմերի լայն շրջանակ: Մեր նպատակը մարդկանց համար հասու լինելն է, ինչպես, օրինակ, կիբերանվտանգության ազգային գործակալությունների կամ hամակարգչային արտակարգ իրավիճակների արագ արձագանքման ազգային կամ պետական թիմերի միջոցով։ Մենք ապավինում ենք այս մուլտիպլիկատիվ էֆեկտին»:
«Cybersecurity East» ծրագիրը շաբաթվա միջոցառումների շրջանակներում նոյեմբերի 26-27-ին անցկացրեց երկու վեբինար:
Միջադեպերի արձագանքման և սպառնալիքների հայտնաբերման վերաբերյալ վեբինարի առանցքում ձեռնարկության անվտանգության բարելավման խնդիրն էր: Այս աշխատաժողովի ընթացքում մասնակիցները ծանոթացան միջադեպերի արձագանքման և սպառնալիքների հայտնաբերման տեխնիկաների տարբեր ասպեկտների հետ՝ օգտագործելով իրական միջադեպերի վրա հիմնված սցենարներ: Մասնակիցները հնարավորություն ունեցան օգտվել տարբեր տեխնիկաներից, ներառյալ խայծերը, Suricata-ն, wireshark-ը և այլ գործնական գործիքներ:
Տեղեկատվական դարաշրջանում կիբերռիսկերի կառավարման վերաբերյալ վեբինարը ներկայացրեց համապարփակ պատկերացում, թե ինչպես կարելի է բացահայտել և մեղմել կազմակերպության ցանցերում, համակարգերում և տվյալներում առկա խոցելիությունները: Այս վեբինարի ընթացքում ներկայացվեցին գործնական օրինակներ, թե ինչպես կարելի է քննադատորեն վերլուծել կազմակերպության ռիսկերի նկարագիրը և ձեռք բերել հմտություններ, որոնք անհրաժեշտ են կիբերանվտանգության առումով բարդ միջավայրում գտնվող բիզնես կամ հաստատություն ղեկավարելու համար։
EU4Digital–ի «Cybersecurity East» ծրագիրը նպատակ ունի մշակել տեխնիկական և համագործակցային մեխանիզմներ, որոնք կբարձրացնեն կիբերանվտանգության և կիբերհարձակումների դեմ պատրաստվածության մակարդակը՝ համաձայն ԵՄ չափանիշների: