«EU4Digital» նախաձեռնության շրջանակներում Եվրոպական միությունն աջակցում է Արևելյան գործընկեր երկրներում թվային տնտեսությանը և հասարակությանը՝ խթանելով տարածաշրջանում թվային շուկաների ներդաշնակեցումը՝ քաղաքացիների, պետական կառավարման մարմինների և բիզնեսի համար ինտեգրված առցանց ծառայություններ մատուցելու նպատակով:
Այս նպատակին հասնելու բանալին EU4Digital-ի՝ հանրային քաղաքականության առանձին ճյուղերի համար պատասխանատու վեց թղթակից ցանցերն են՝ գործընկեր երկրներից և ԵՄ անդամ պետություններից, որոնք ստեղծվել են 2016 թվականին կայացած Թվային համայնքի վերաբերյալ Արևելյան գործընկերության նախարարական հանդիպման ժամանակ: EU4Digital-ի ցանցերը հարթակ են ծառայում Արևելյան գործընկերների շրջանում և ԵՄ-ի հետ լավագույն պրակտիկաների ու փորձի փոխանակման, սիներգիաների խթանման, համատեղ նախագծերի ու ճանապարհային քարտեզների մշակման, ինչպես նաև քաղաքացիների կյանքի ու բիզնեսի մրցունակության բարելավմանն ուղղված կոնկրետ և իրագործելի թիրախային արդյունքների վրա կենտրոնանալու համար:
Հեռահաղորդակցության ցանց
Արևելյան գործընկերության էլեկտրոնային հաղորդակցության կարգավորողների ցանցն (EaPeReg) անկախ հարթակ է, որում ներգրավված են էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի և ծառայությունների ազգային կարգավորող մարմինները: «EaPeReg» ցանցում երեք հիմնական աշխատանքային խմբեր են գործում. Ռոումինգի հարցերով փորձագիտական աշխատանքային խումբ (REWG), Բենչմարքինգի հարցերով փորձագիտական աշխատանքային խումբ (BEWG) և Սպեկտրային հարցերով փորձագիտական աշխատանքային խումբ (SEWG):
Առանցքային մասնակիցներ.
- Հաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների, բարձր տեխնոլոգիաների, տնտեսական և կայուն զարգացման համար պատասխանատու գերատեսչություններ.
- Էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի և ծառայությունների ազգային կարգավորող մարմիններ:
http://eapereg.org
Վստահության և անվտանգության ցանց
Վստահության և անվտանգության ցանցը կենտրոնանում է թվային տնտեսության և կիբեռանվտանգության նկատմամբ վստահության կարևորության վրա՝ ելնելով բաց համացանցի և առցանց տիրույթի ազատության պահպանման նկատառումներից, որոնք անկյունաքարային նշանակություն ունեն փոխգործունակ միջսահմանային էլեկտրոնային կառավարման ծառայությունների համար: Այն կարևորում է հետևյալը.
- Վստահության ծառայություններ (էլեկտրոնային ստորագրություններ, էլեկտրոնային կնիքներ, էլեկտրոնային ժամադրոշմներ, էլեկտրոնային առաքման գրանցված ծառայություններ և կայքէջերի վավերացում).
- Կիբեռանվտանգություն` տնտեսության առանցքային հատվածներում հույժ կարևոր ենթակառուցվածքների բարելավման համար:
Առանցքային մասնակիցներ.
- Հաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների, ենթակառուցվածքների, տնտեսական զարգացման և հանրային ծառայությունների (օրինակ՝ տրանսպորտային փոխադրումներ) համար պատասխանատու գերատեսչություններ.
- Կիբեռանվտանգության, հետախուզության, հանրային ծառայությունների զարգացման, էլեկտրոնային կառավարման համար պատասխանատու ստորաբաժանումներ:
Էլեկտրոնային առևտրի ցանց
Էլեկտրոնային առևտրի ցանցն արձագանքում է ներմուծում-արտահանում ամբողջական ցիկլի թվային ասպեկտներին: Այն ընդգրկում է թեմային առնչվող մի քանի ասպեկտներ, այդ թվում՝ առևտուրը, մաքսային ծառայությունները, լոգիստիկան և միջսահմանային ընթացակարգերը: Ուշադրության կենտրոնում են էլեկտրոնային նույնականացմանը, թվային վստահության ծառայություններին, ցանցային և տեղեկատվական անվտանգությանն ու կիբեռանվտանգությանը վերաբերող հարցերը:
Առանցքային մասնակիցներ.
- Առևտրի, եկամուտների, տնտեսական զարգացման և մաքսերի համար պատասխանատու գերատեսչություններ.
- Թվային և ՏՏ ոլորտներով զբաղվող պետական գործակալություններ / ստորաբաժանումներ, տվյալների փոխանակման գործակալություններ և կիբեռանվտանգության հետ կապված հաստատություններ:
ՏՀՏ նորարարության ցանց
ՏՀՏ նորարարությունը կենտրոնանում է Արևելյան գործընկեր երկրներում ՏՀՏ հետազոտությունների, ստարտափերի ու նորարարական էկոհամակարգերի խթանման ուղղությամբ՝ հաշվի առնելով Եվրամիությունում համանման ջանքերը՝ «Հորիզոն 2020» և «Ստարտափ Եվրոպա» նախաձեռնությունների ներքո: Սրանով նախատեսվում է բարելավել հետազոտական գերազանցության փոխանակումներն ու միջսահմանային ներդրումների ներգրավումը՝ միաժամանակ գործընկեր երկրների ստարտափերին ավելի հեշտ մուտք առաջարկելով դեպի ԵՄ շուկաներ և հակառակը:
Առանցքային մասնակիցներ.
- Հաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների, հանրային ծառայությունների և սոցիալական նորարարությունների համար պատասխանատու գերատեսչություններ և գործակալություններ.
- Նորարարական գործակալություններ, ՏՀՏ գործարար խորհուրդներ ու գիտական և տեխնոլոգիական ասոցիացիաներ/պարկեր:
Էլեկտրոնային առողջապահության ցանց
Էլեկտրոնային առողջապահությունը նպատակ ունի բացահայտել ԱլԳ գործընկեր երկրների համար ընդհանուր մարտահրավերները և տրամադրել տարածաշրջանային ներդաշնակեցման առաջարկներ էլեկտրոնային առողջապահության ու ակտիվ և առողջ ծերացման ոլորտներում:
Առանցքային մասնակիցներ.
- Առողջապահության, աշխատանքի և սոցիալական հարցերի համար պատասխանատու գերատեսչություններ ու գործակալություններ.
- Տարածաշրջանային այլ հաստատություններ. ապահովագրական ընկերություններ, էլեկտրոնային առողջապահության գործակալություններ, քաղաքականության մշակման դպրոցներ և այլն:
Էլեկտրոնային հմտությունների ցանց
Էլեկտրոնային հմտությունների ցանցը կենտրոնանում է ԱլԳ գործընկեր երկրներում թվային հմտությունների ազգային ռազմավարությունների մշակման և իրականացման ուղղությամբ, այդ թվում՝ թվային աշխատատեղերի համար ազգային կոալիցիաների ստեղծմամբ՝ հաշվի առնելով Եվրամիության «թվային հմտությունների և աշխատատեղերի կոալիցիայի» փորձը:
Առանցքային մասնակիցներ.
- Կրթության, աշխատանքի և տնտեսության համար պատասխանատու գերատեսչություններ.
- Ոլորտային կազմակերպությունների/ասոցիացիաների ներկայացուցիչներ, պետական համալսարաններ և վերապատրաստական ուսուցում իրականացնողներ: