Էլեկտրոնային կոմերցիան կամ eCommerce-ը համակարգչային ցանցերում իրականացվող էլեկտրոնային գործարքների միջոցով ապրանքների վաճառքն է: Չնայած ԵՄ-ն միասնական շուկա է, որն ապրանքների և ծառայությունների ազատ փոխանակում է թույլ տալիս անդամ պետությունների միջև, բայց դա հնարավոր չէ հեշտությամբ իրականացնել նաև ԵՄ-ի ու Արևելյան գործընկերության երկրների միջև՝ էլեկտրոնային կոմերցիայի օրենսդրության, չափորոշիչների և էկոհամակարգի տարբերությունների պատճառով:
Օրինակ՝ աշխարհի ցանկացած կետի հետ առևտուր անող ԵՄ բիզնեսները ցանկանում են վստահ լինել, որ ապրանքները համապատասխանում են անվտանգության ընդհանուր պահանջներին, բայց հանդիպում են խոչընդոտների՝ պայմանավորված այն փաստով, որ ԵՄ-ում և Արևելյան գործընկերության երկրներում գործող չափորոշիչներն ու օրենսդրությունը ներդաշնակված չեն:
Բացի այդ, ԵՄ-ն 2021 թվականին ներկայացրեց էլեկտրոնային կոմերցիան ԱԱՀ-ով հարկելու նոր փաթեթը: Այս լայնածավալ բարեփոխումն ազդում է էլեկտրոնային կոմերցիայի գործընթացների վրա ողջ Եվրոպայում և անդին, իսկ բիզնեսներն ու կառավարությունները սահմանափակ են տեղեկացված դրա ազդեցության մասին: Այս նոր իրականության պայմաններում արևելյան գործընկեր երկրներն ունեն էլեկտրոնային կոմերցիայի ուղղությամբ շարժվելու և դրան հարմարվելու աջակցության կարիք։
EU4Digital-ն էլեկտրոնային կոմերցիայի ոլորտում իր գործունեության շրջանակներում Արևելյան գործընկերության երկրներին տրամադրում է ԵՄ-ի հետ հարթ էլեկտրոնային առևտրի հասնելու վերաբերյալ խորհուրդներ՝ կենտրոնանալով երեք ոլորտների ներդաշնակեցման վրա։ Մասնավորապես՝
- Օրենսդրություն.
- Չափորոշիչներ.
- Էլեկտրոնային կոմերցիայի էկոհամակարգ։
Այս առաջարկությունների նպատակն է.
- Վերացնել անդրսահմանային էլեկտրոնային կոմերցիայի խոչընդոտները.
- Ավելացնել անդրսահմանային էլեկտրոնային կոմերցիայի ծավալները.
- Բարձրացնել գործընկեր երկրների իրազեկությունը և նրանց պատրաստել էլեկտրոնային կոմերցիայի ոլրտում ԵՄ-ի իրականացրած 2021 թվականի փոփոխություններին:
ԵՄ-ին և արևելյան գործընկեր երկրներին առավելագույն օգուտ բերելու համար վերլուծությունն օգտագործվել է կոնկրետ մարտահրավերները բացահայտելու և այդ մարտահրավերներին դիմակայելուն ուղղված պիլոտային լուծում մշակելու և գործարկելու համար: Որպես արդյունք՝ EU4Digital-ը գործարկեց էլեկտրոնային կոմերցիայի պիլոտային ծրագիրը՝ ազգային վիրտուալ պահեստներ հիմնելով երեք պիլոտային երկրներում՝ Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում, որպեսզի աջակցի մանրածախ առևտրով զբաղվողներին, առևտրային հարթակներին, առաքման օպերատորներին և մաքսային մարմիններին՝ ապրանքները արտասահմանում վաճառքի հանելու և անդրսահմանային առաքումը հեշտացնելու գործում:
Վիրտուալ պահեստը գրանցում է էլեկտրոնային կոմերցիայով վաճառքի համար նախատեսված ապրանքների մասին տվյալները՝ ԵՄ և միջազգային պահանջներին համապատասխանող ձևաչափով: Պահեստ մուտք գործելուց հետո ապրանքները կարող են վաճառվել ցանկացած թվով միջազգային առցանց առևտրային հարթակներում, ինչպիսիք են eBay-ը կամ Etsy-ն, իսկ ստանդարտացված տվյալներն էլ փոստային ծառայություններին թույլ են տալիս սկսել առաքումը և ապահովում են անխափան անդրսահմանային մաքսային ընթացակարգեր:
Իմացիր ավելին՝ էլեկտրոնային կոմերցիայի պիլոտային ծրագրի մասին.
Հպում՝ առևտրի համար. «EU4Digital»-ն օգնում է Ադրբեջանին էլեկտրոնային կոմերցիայի կարգի բերման գործում