«EU4Digital» ծրագրի դասընթաց՝ ՏՀՏ և նորարարությունների ոլորտում կանանց մենթորական ծրագրերի վերաբերյալ

  • Ամսաթիվ: 08/09/20
  • Կիսվել:

«EU4Digital» ծրագիրը 2020թ. օգոստոսի 20-ին կազմակերպել էր վիրտուալ դասընթաց՝ ՏՀՏ և նորարարությունների ոլորտում կանանց մենթորական ծրագրերի վերաբերյալ:

Դասընթացի ընթացքում «Women Go Tech» ծրագրի տնօրեն Դիանա Չեսոնայտեն կիսվեց իր պատկերացումներով առ այն, թե ինչպես կարելի է բարձր տեխնոլոգիաների հետ կապված աշխատատեղերը, միջոցառումներն ու նախաձեռնություններն ավելի ներառական դարձնել կանանց համար և դրանով իսկ ավելի մեծ թվով կանանց ներգրավել բարձր տեխնոլոգիաների ոլորտ:

Բարձր տեխնոլոգիաների ոլորտի նկատմամբ կանանց հետաքրքրությունը բարձրացնելու ամենատարածված լուծումներից մեկը մենթորական ծրագրերի ներդրումն է, քանի որ դրանք խորքային պատկերացում և կարիերայի վերաբերյալ խորհրդատվություն են տրամադրում, ինչպես նաև աջակցում են բարձրտեխնոլոգիական աշխատատեղերում կանանց բարեհաջող ինտեգրման օպտիմալացման պլանավորմանը:

Դասընթացի շրջանակներում ներկայացվեցին կանանց մենթորության լավագույն պրակտիկաները, ինչպես նաև անցկացվեց երկրների համար նախատեսված աշխատաժողով, որպեսզի վերջիններս կիսվեն բարձր տեխնոլոգիաների ոլորտ ավելի մեծ թվով կանանց ներգրավման հնարավորությունների, ինչպես նաև արդեն իսկ գոյություն ունեցող նախաձեռնությունների մասին իրենց պատկերացումներով: Անցկացվեցին նաև խմբային քննարկումներ՝ հետևյալ թեմաներով.

  • Աջակցություն STEM-ի նկատմամբ վաղ հետաքրքրության զարգացմանը.
  • Բարձր տեխնոլոգիաների ոլորտում կանանց աշխատանքի ընդունման շուրջ որոշումների հետ կապված թաքնված նախապաշարմունքների վերացում.
  • Աշխատավայրերի ներառականության բարձրացում կանանց համար.
  • Կանանց կարիերայի առաջխաղացման հնարավորությունների ստեղծում.
  • Բարձր տեխնոլոգիաների ոլորտում կանանց դերային մոդելների և մենթորների վերհանում.
  • Բարձր տեխնոլոգիաների ոլորտում կանանց և տղամարդկանց վարձատրության խզվածքի վերացում:

Աշխատաժողովի շրջանակներում կազմակերպված խմբային քննարկումներին մասնակցեցին Արևելյան գործընկեր երկրներից ավելի քան 15 փորձագետներ՝ կիսվելով բարձր տեխնոլոգիաների ոլորտում կանանց ներգրավման համար առկա խոչընդոտների և մարտահրավերների, ինչպես նաև բարձրտեխնոլոգիական աշխատատեղերում կանանց մասնակցության ավելացմանը միտված գոյություն

ունեցող նախաձեռնությունների մասին իրենց պատկերացումներով՝ ընդունելով աշխատաժողովի ընթացքում ներկայացված սկզբունքները:

Մասնակիցները նշեցին, որ STEM-ի հետ կապված ոլորտներում աշխատող կանանց վերաբերյալ դեռևս առկա են որոշակի նախապաշարմունքներ, ինչպես նաև առկա է գենդերային տարբերակում իրենց երկրների տեխնոլոգիական ոլորտներում աշխատող տղամարդկանց և կանանց միջև: Այնուամենայնիվ, արդեն իսկ գոյություն ունեն բարձր տեխնոլոգիաների ոլորտում կանանց մասնակցության խթանմանն ուղղված մի շարք նախաձեռնություններ և փորձեր, ինչպիսիք են կանանց և աղջիկների թիրախավորմամբ մենթորական ծրագրերն ու STEM-ի առաջխաղացման արշավները: Գոյություն ունեն նաև մի քանի ցանցեր, որոնք միավորում են տեխնոլոգիական ոլորտում աշխատող կանանց և նրանց հնարավորություն են ընձեռում որպես օրինակ ծառայել այլ կանանց համար, ովքեր կարող են հետաքրքրված լինել տեխնոլոգիական ոլորտում կարիերայով:

«EU4Digital» ծրագիրը թվային հմտությունների զարգացմանը և ՏՀՏ նորարարություններին աջակցում է մի շարք գործողությունների, այդ թվում՝ դասընթացների, աշխատաժողովների ու քաղաքականություն մշակողների և ուսուցանողների համար դեպի ԵՄ անդամ պետություններ ուսումնական այցերի կազմակերպման միջոցով, ինչպես նաև աջակցում է կանանց համար նախատեսված մենթորային ծրագրերի կայացմանը:

Women Go Tech՝ https://www.womengotech.lt/

Նորություններ

Ցուցադրել բոլորը