Էլեկտրոնային մաքսային ծառայությունների համակարգը (eCustoms) տնտեսվարողների և մաքսային մարմինների միջև մաքսային տեղեկատվության համակարգված ու ավտոմատ փոխանակումն է (օր.՝ դատարկ բեռնատարների, ռիսկերի գնահատման, տվյալների համապատասխանեցման, մաքսային հսկողության արդյունքների մասին տեղեկատվության փոխանակումը):
Երբ տնտեսվարողներն իրականացնում են սահմանների միջև ապրանքների տեղափոխում և շփվում են մաքսային մարմինների հետ, նրանք առնչվում են ավտոմատացման և մաքսային մարմինների միջև ժամանակին հաղորդակցության բացակայության պատճառով առաջացող ուշացումների հետ: Արդյունքում, վերջնական գնորդները ևս առնչվում են ուշացումների հետ՝ իրենց ապրանքները ձեռք բերելիս: Դա տեղի է ունենում, քանի որ.
- Մաքսային տեղեկատվությունը ժամանակին տեղ չի հասնում՝ անվտանգային ռիսկերի անարդյունավետ կառավարման խնդիրներ ստեղծելով մաքսային մարմինների և բիզնեսների համար.
- Ներդրված չէ տվյալների ավտոմատ համադրման համակարգ (օր.՝ համադրել, թե արդյոք մեկնման երկրում հայտարարագրված տեղեկատվությունը նույնն է, ինչ ժամանման երկրում).
- Նախաժամանումային տեղեկատվության փոխանակում տեղի չի ունեցել (օր.՝ երբ բեռը հասնում է սահմանային անցակետ, փոխադրողը պետք է նախքան սահմանն անցնելը սպասի, մինչև ռիսկի գնահատումը ավարտվի):
eCustoms-ն օգնում է միջամտել նշված խնդիրներին՝ տեղեկատվության արդյունավետ փոխանակումը հնարավոր դարձնող համագործակցության անհրաժեշտ մոդելներ տրամադրելով բիզնեսներին ու կառավարություններին (օր.՝ համագործակցության գործընթացներ, հաղորդակցության համակարգեր): Այն լավարկում է մաքսային մարմինների հետ փոխգործակցությունը` նվազեցնելով բիզնեսի համար ծախսերն ու բարձրացնելով ապրանքների և ծառայությունների առաքման արագությունը:
«EU4Digital» նախաձեռնությունը վերլուծեց առկա լուծումներն ու տարածաշրջանում դրանց կիրառելիությունը և eCustoms-ի պիլոտավորման համար որպես լավագույն տարբերակ ընտրեց «SEED» (էլեկտրոնային տվյալների համակարգված փոխանակում) լուծումը: ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող SEED-ն իրականացվում է Արևմտյան Բալկանյան երկրների մաքսային մարմինների կողմից՝ առաջարկելով.
- Ապացուցված անվտանգություն.
- Տվյալների ստանդարտներ.
- Ազգային համակարգերին հեշտ հարմարվողականություն.
- Ճկունություն՝ գործառնությունների և տվյալների շտեմարանների փոխանակման նկատամամբ պահանջների առումով:
Արևմտյան Բալկաններում SEED-ը հաջողությամբ լուծել է հետևյալ խնդիրները.
- Հաշիվ-ապրանքագրերի փոփոխման և մուտքի պահին մաքսային արժեքի նվազեցման միջոցով թերարժևորում.
- Բեռնված բեռնատարների ելքի կեղծ հաստատում (ԱԱՀ-ի վերադարձի հետ կապված խախտումներ).
- Տրանսպորտային փաստաթղթերի (օր.՝ ներմուծման գրքույկների (APA Carnet)) (սխալ) օգտագործման հետ կապված խախտումներ.
- Մաքսային օրինախախտման լուրջ դեպքերի հայտնաբերում, ինչպիսիք են ծխախոտի և թմրանյութերի մաքսանենգությունը:
Պիլոտային ծրագրի նպատակն Արևելյան գործընկերության երկրների և ԵՄ անդամ պետությունների մաքսային մարմինների միջև էլեկտրոնային մաքսային տվյալների փոխանակման ապահովումն է: Սա մեկնարկային կետն է, երբ պիլոտավորվում են նախնական (սահմանափակ) գործառույթներ ու տվյալների հավաքածուներ:
eCustoms-ի պիլոտային տարբերակն արդեն հաջողությամբ փորձարկվել է Բելառուսի և Լիտվայի մաքսային մարմինների միջև: Իմացիր ավելին՝ «Գործարկվել է Բելառուսի և Լիտվայի միջև արտահանման տվյալների փոխանակման պիլոտային ծրագիրը»:
Պիլոտավորումը նպաստում է մաքսային մարմինների միջև մաքսային տվյալների փոխանակման գործընթացի բարելավմանը, առաջընթաց է արձանագրում մաքսային ձևակերպումների լավարկման, ռիսկերի գնահատման ու անդրսահմանային մաքսային մարմինների միջև համագործակցության ապահովման ուղղությամբ: Որպես արդյունք՝ ներկայացվել են առաջարկություններ, որոնք ուղղված են լուծումների լայնամասշտաբ ներդրմանը և վերարտադրությանը ամբողջ տարածաշրջանում։