Հունիսի 9-ին տեղի ունեցած վիրտուալ միջոցառման ընթացքում «EU4Digital» ծրագիրը ցուցադրել է Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Գերմանիայի միջև էլեկտրոնային կոմերցիայի վերաբերյալ տվյալների ավտոմատ փոխանակման պիլոտային լուծումը:
Էլեկտրոնային առևտրի ցանցի 10-րդ աշխատաժողովին զուգահեռ անցկացված վիրտուալ ցուցադրությանը ներկա էին ավելի քան 40 մասնակիցներ՝ արևելյան գործընկեր երկրներից, ինչպես նաև Եվրոպական միությունից: Նրանց թվում էին՝ ԵՄ պատվիրակությունների ներկայացուցիչներ, էլեկտրոնային կոմերցիայի աշխատանքային խմբի անդամներ, EU4Digital-ի էլեկտրոնային կոմերցիայի ոլորտի փորձագետներ և արևելյան գործընկեր երկրների նախարարությունների, հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև մասնավոր ընկերությունների, այդ թվում՝ ազգային փոստային օպերատորների, թվային օրակարգի համար պատասխանատու նախարարությունների, միջազգային ստանդարտացման մարմինների և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ:
«EU4Digital» ծրագրի թիմի ղեկավարի տեղակալ Ռուտա Սալվիտե-Տամոսյունիենեն բացեց էլեկտրոնային կոմերցիայի ոլորտում պիլոտային գործողությունը գործնական լույսի ներքո ներկայացնող միջոցառումը, որի նպատակն էր փուլ առ փուլ ներկայացնել, թե ինչպես է փորձնական լուծման՝ վիրտուալ պահեստի միջոցով էլեկտրոնային կոմերցիայի տվյալների ավտոմատ և էլեկտրոնային փոխանակում կատարվում մանրածախ առևտրով զբաղվողների, առևտրային հարթակների, առաքման օպերատորների և մաքսային մարմինների միջև: EU4Digital-ի ավագ փորձագետներ Վալտեր Տրեզեկը և Վլադիմիր Կովալենկոն ներկայացրին պիլոտային երկրների միջև ընթացող գործընթացը:
Էլեկտրոնային կոմերցիայի ոլորտում պիլոտային գործողությունը գործարկվել է 2021 թ. մայիս-հունիս ամիսներին, երբ պիլոտային երկրների ՓՄՁ-ներն իրենց ապրանքները վաճառքի հանեցին Գերմանիայում և գնման գործողությունից հետո ապրանքի տվյալներն ավտոմատ փոխանցեցին առաքման օպերատորներին և մաքսային մարմիններին:
Ցուցադրության շրջանակում կարևորվեցին գործընթացի տեխնիկական ասպեկտները, ինչպիսիք են պիլոտային հայեցակարգը, էլեկտրոնային կոմերցիայի վերաբերյալ տվյալներին առաջադրվող պահանջները` ԵՄ-ի հետ դրանց էլեկտրոնային փոխանակումն ապահովելու համար, ինչպես նաև պիլոտային վիրտուալ պահեստի հիմնական առավելությունները, որոնք հնարավորություն են տալիս նմանատիպ էլեկտրոնային փոխանակում կատարել ԵՄ-ի և Համաշխարհային փոստային միության (ՀՓՄ՝ UPU) անդամ 192 երկրների հետ:
Բացի այդ, պիլոտային գործողության մասնակիցները կիսվեցին իրենց փորձով և ընդգծեցին Հայաստանի, Ադրբեջանի ու Վրաստանի նման փոքր շուկաներում անդրսահմանային էլեկտրոնային կոմերցիայի զարգացման համար նախաձեռնության կարևորությունը.
- Ադրբեջանական «Azexport» ազգային առևտրային հարթակի ներկայացուցիչ Այխան Գադաշովն ընդգծեց, որ պիլոտային գործողությունը ցույց է տվել, թե ինչպես կարելի է ապրանքների տվյալների ավտոմատ և էլեկտրոնային փոխանակման միջոցով ավելացնել էլեկտրոնային կոմերցիայի գործարքների արագությունը:
- Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունից Սոփիո Տվալավաձեն շնորհակալություն հայտնեց EU4Digital-ին՝ իրազեկության բարձրացմանը և անդրսահմանային էլեկտրոնային կոմերցիայի ոլորտում գործնական փորձի տրամադրմանն ուղղված աջակցության համար:
- Վրաստանը ներկայացնող երկու վաճառող ընկերությունները` RKO– ն և Funduki-ն, ընդգծեցին, որ պիլոտային գործողությունը ԵՄ շուկա մուտք գործելու անխափան եղանակ է ապահովել Վրաստանի նման փոքր երկրների ՓՄՁ-ների համար: Պիլոտային լուծումը թույլ տվեց ընդամենը մի քանի կտտոցով իրենց ապրանքները վաճառքի հանել գերմանական eBay-ում: Այժմ վաճառող ընկերություններն անհամբեր սպասում են այլ շուկաներ դուրս գալուն՝ ԵՄ գնորդների համար ապրանքային պորտֆոլիոն դիվերսիֆիկացնելու համար:
- Հայաստանի ազգային փոստային օպերատորի ներկայացուցիչ Կարապետ Էլչիբեկյանն էլ ընդգծեց, թե ապրանքի տվյալների ավտոմատացված և էլեկտրոնային փոխանակումն ինչպես կարող է արագացնել լոգիստիկ գործողությունները՝ արդարացնելով գնորդների սպասումները՝ կապված արագ առաքման հետ:
Պիլոտային գործողության մասնակիցները կիսվեցին իրենց դրական արձագանքներով և անհամբեր սպասում են պիլոտային լուծման հետագա ներդրմանն ու ընդլայնմանը:
Պիլոտային գործողությանը կհետևեն «EU4Digital» ծրագրի առաջարկությունները, որոնք կենտրոնացած են լինելու երկու հիմնական գերակայությունների վրա. 1) տարածում և ծավալում, այսինքն՝ ինչպես կարող են երկրներն էլեկտրոնային կոմերցիայի վիրտուալ պահեստի փորձարկման միջավայրից տեղափոխվել դեպի դրա լիարժեք օգտագործման միջավայր, և 2) յուրացում ու վերաօգտագործում, այսինքն` ինչպես կարող են արևելյան գործընկեր մյուս երկրները օգտվել այս պիլոտային գործողությունից և ներդնել նույն լուծումը: