«EU4Digital» ծրագիրն աշխատում է «EaP DISC Capital» վենչուրային հիմնադրամի նախագծման վրա` արևելյան գործընկեր երկրներում բարձր տեխնոլոգիական ստարտափներին աջակցելու համար:
EaP DISC Capital–ի նախագծումն ու գործողությունների պլանը նախաձեռնվել են` հիմնվելով EU4Digital–ի՝ ավելի վաղ ավարտված «Թվային նորարարությունների և ծավալների ընլայնում» նախաձեռնության (DISC) համար Արևելյան գործընկեր երկրներում շուկայի գնահատման ուսումնասիրության արդյունքների վրա: Ուսումնասիրության եզրակացություններով հաստատվել է, որ բարձր տեխնոլոգիական ստարտափներն ունեն ֆինանսավորման դեֆիցիտ, ինչպես նաև բարձր մակարդակի առաջարկություններ են ներկայացվել տարածաշրջանում ֆինանսական աջակցության մեխանիզմի և հարակից աջակցության ծրագրերի ստեղծման վերաբերյալ: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ տեղական ստարտափներն ու ՏՀՏ ոլորտի ձեռնարկատիրական էկոհամակարգերն իրենց աճի և զարգացման հնարավորություններն ավելացնելու համար միայն ֆինանսավորման կարիք չէ, որ ունեն: Այսպիսով, նախատեսվում է, որ «EaP DISC Capital»–ը, բացի ֆինանսավորելուց, ստարտափներին և ներդրողներին կտրամադրի ուսուցում՝ իրենց գործարար գաղափարների որակը բարձրացնելու և ներդրումային գործարքների ռիսկերը նվազագույնի հասցնելու վերաբերյալ: Դա կարող է իրականացվել տեղական ինկուբատորների և արագացուցիչների հզորացման, ինչպես նաև տեղական ստարտափների և մասնավոր հատվածի խաղացողների միջև տարածաշրջանային ու միջազգային մակարդակներում կապեր հաստատելու միջոցով:
Իրավական տեսանկյունից նախատեսվում է, որ EaP DISC Capital-ը գործելու է որպես միջազգային վարչական խորհրդի կողմից կառավարվող ակտիվների կառավարման ընկերություն: Ֆինանսական տեսանկյունից՝ ակտիվների կառավարման ընկերության հովանու ներքո պետք է ստեղծվի միասնական վենչուրային հիմնադրամ: Այդպիսի հիմնադրամը կապիտալի հասանելիություն կապահովի ստարտափի ամբողջ կյանքի ցիկլի համար` ֆինանսավորման հետևյալ ծրագրերի միջոցով. «Ինկուբացում» (սուբսիդավորվող պարտք), «Արագացում» (սկզբնական կապիտալ) և «Միջազգայնացում» (A սերիայի ֆինանսավորում): Նախատեսվում է, որ սկզբնական և A սերիայի փուլերում կապիտալ ներդրումները կարող են տեղի ունենալ միջազգային և տեղական ներդրողների հետ համատեղ (օրինակ՝ բիզնես հրեշտակներ, վենչուրային հիմնադրամներ, բանկեր և այլն):
Հաշվի առնելով հիմնադրամի տարածաշրջանային մոտեցումը՝ խնդիրը կայանում է բիզնես գաղափարների և ստարտափների գնահատման հստակ չափորոշիչների ստեղծման, ինչպես նաև ներդրումների համար կենտրոնացված որոշումների կայացման կանոնների սահմանման մեջ: Դրանք շատ կարևոր են, որպեսզի ապահովվի հիմնադրամի կողմից տրամադրվելիք միջոցների հավասար մատչելիությունը բոլոր վեց գործընկեր երկրների ստարտափների համար: Մեկ այլ կարևոր հարց է հիմնադրամի կենտրոնացված գործառնական վայրի ընտրությունը, որը մեծապես կախված է վեց գործընկեր երկրների՝ վենչուրային հիմնադրամներին և միջազգային ներդրումներին առնչվող կառուցակարգերից, ինչպես նաև տեղական կառավարությունների աջակցությունից:
Ներկա պահին EU4Digital–ի փորձագետների հատուկ խումբն աշխատում է EaP DISC Capital-ի իրականացման նախագծի և գործողությունների ծրագրի առաջին մշակման վրա: Այն ավարտելուց հետո կշարունակվեն ընտրված շահագրգիռ կողմերի ներգրավմամբ հետագա քննարկումները, իսկ գալիք տարվա սկզբին կավարտվեն անհրաժեշտ ճշգրտումները:
EaP DISC Capital–ի նախագծմանը զուգահեռ EU4Digital-ը պատրաստում է ուղեցույց` ՏՀՏ ոլորտում ձեռնարկատիրական էկոհամակարգերի գիտելիքի, կապիտալի և շուկայի հասանելիության բնագավառներում կարողությունների զարգացման վերաբերյալ առաջարկություններով: Հիմնական առաջարկություններն ի սկզբանե նախատեսված է եղել օգտագործել EaP DISC Capital–ի հովանու ներքո: Լրացուցիչ առաջարկություններ կարող են ներկայացվել կարողությունների զարգացմամբ զբաղվող տեղական սուբյեկտների համար (արագացուցիչներ, ինկուբատորներ, համալսարաններ, միջազգային կազմակերպություններ և այլն) գործողությունների ծրագրերի տեսքով` ելնելով յուրաքանչյուր երկրի առաջնահերթություններից, իրականացման բարդությունից և առկա ռեսուրսներից:
EaP DISC Capital–ի նախագիծը և ՏՀՏ ոլորտում ձեռնարկատիրական էկոհամակարգի օժանդակ ուղեցույցը մշակվում են 2020 թվականից հետո ժամանակահատվածի համար Արևելյան գործընկերության երկարաժամկետ քաղաքական նպատակների մասին առաջարկի համաձայն, որում Եվրոպական հանձնաժողովը մատնանշում է տարածաշրջանում բարձր նորարարական թվային ստարտափներին և սքեյլափներին աջակցելու իր ծրագրերի մասին՝ «Թվային նորարարությունների և ծավալների ընդլայնման» նախաձեռնությունը (DISC) դեպի արևելյան գործընկեր երկրներ ընդլայնելու միջոցով։
Իմանալ ավելին՝