«EU4Digital» ծրագրի կողմից 2020 թվականի հոկտեմբերի 8-ին կազմակերպված թեմատիկ նստաշրջանի շրջանակներում ներկայացվեցին ՏՀՏ նորարարությունների և ստարտափ էկոհամակարգի ոլորտում առաջընթացն ու ապագա ծրագրերը։ Միջոցառումը կազմակերպվել էր EU4Digital–ի ղեկավար կոմիտեի տարեկան ժողովի շրջանակներում, որը տեղի ունեցավ վիրտուալ կարգով՝ հոկտեմբերի 5-ից 9-ի ընթացքում:
Միջոցառմանը միացել էին ավելի քան 30 մասնակիցներ, այդ թվում` Եվրոպական հանձնաժողովի անդամներ, Ներդաշնակեցված թվային շուկայի (HDM) համակարգողներ, ԵՄ պատվիրակությունների և ՏՀՏ նորարարությունների ոլորտային փորձագիտական ցանցի ներկայացուցիչներ` Արևելյան գործընկեր երկրներից:
Միջոցառման մեկնարկը տվեցին EU4Digital–ի ՏՀՏ նորարարությունների թիմի ղեկավար Աննա Պոբոլը և տվյալ ուղղության ղեկավարի տեղակալ Ռուտա Սալվիտե-Տամոսիունիենեն՝ ընդհանուր կերպով ներկայացնելով ՏՀՏ նորարարությունների ոլորտում գործունեության իրավիճակը, արձանագրված արդյունքները և հետագա անելիքները:
Ներկայացվեց ՏՀՏ նորարարությունների թեմատիկ ուղղությամբ առանցքային ձեռքբերումներից մեկը. խոսքը ՏՀՏ էկոհամակարգի քաղաքականության վերաբերյալ առաջարկությունների և գործողությունների ծրագրերի մասին է, որոնք մշակվել և համաձայնեցվել են ավելի քան 100 տեղական շահագրգիռ կողմերի հետ։ Շահագրգիռ կողմերը հաստատեցին գործողությունների իրականացմանն իրենց հանձնառությունը։ Որոշակիացվեց նաև համակարգող կազմակերպությունների շրջանակը:
Գործողությունների ծրագրերը հիմք են ստեղծում Արևելյան գործընկեր յուրաքանչյուր երկրում ազգային ֆինանսավորմամբ կամ ԵՄ աջակցությամբ իրականացվող նախագծերի միջոցով նախաձեռնությունների իրականացման համար։ Նշված փաստաթղթերն այժմ առցանց կարգով հասանելի են EU4Digital–ի գրադարանում:
Քաղաքականության ուղղությամբ առաջարկությունների ներկայացման գործողության շրջանակներում իրականացվել է թվային ստարտափ և սքեյլափ ընկերությունների տեխնիկատնտեսական ուսումնասիրություն: Նշված ուսումնասիրության արդյունքների հիման վրա սկսվել է «Թվային նորարարություններ և մասշտաբների ընդլայնում» նախաձեռնության (DISC)
ֆինանսական մեխանիզմի պիլոտային ծրագրի մշակումը, որի նպատակն է գործարկել նոր հիմնադրամ, որը գալիք տարիների ընթացքում կֆինանսավորի զարգացման տարբեր մակարդակներում գտնվող տեխնոլոգիական ստարտափներին։ Էկոհամակարգի զարգացման կարիքները կաջակցվեն DISC մեխանիզմի գործարկմանը զուգահեռ` պատրաստելով Արևելյան գործընկեր երկրների կարողությունների զարգացման վերաբերյալ առաջարկություններով հատուկ ուղեցույց։
Հիմնվելով Արևելյան գործընկեր երկրների համար մշակված ցանցային ծրագրի վրա՝ հիմնական ուշադրությունը վիրտուալ նեթվորքինգային միջոցառումների կողմն էր: Նույն օրը՝ կեսօրին, տեղի ունեցավ ՏՀՏ նորարարությունների ոլորտի 2-րդ նեթվորքինգային միջոցառումը՝ «Գործարար հրեշտակների և վենչուրային կապիտալի ինտեգրումը ԵՄ-ում և գլոբալ ցանցերում» խորագրով: Նախատեսված են ևս չորս առցանց նեթվորքինգային միջոցառումներ` կապված քաղաքականության ընտրված ոլորտների հետ։
«EU4Digital» ծրագիրը 2020 թվականի սեպտեմբերին գործընկերություններ է հաստատել բարձր տեխնոլոգիաների ոլորտում կանանց ներգրավվածությունը խթանող տեղական կազմակերպությունների հետ՝ նպատակ ունենալով մշակել տարածաշրջանային ուղեցույցներ և երկրների մակարդակով գործողությունների ծրագրեր՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում կանանց մենթորության ծրագրերի իրականացման համար: Ակնկալվում է, որ առաջիկա տարիներին տեղական գործընկերները ձեռնամուխ կլինեն նոր ծրագրերի գործարկմանը։
Ի լրումն, գալիք տարի նախատեսվում է ստեղծել պետական քաղաքականության համակարգման ֆորումը, որը հանդես կգա որպես ԱլԳ և ԵՄ քաղաքականություն մշակողներին, ստարտափներին ու սքեյլափներին, ինչպես նաև ՏՀՏ էկոհամակարգի այլ դերակատարներին միավորող ամենամյա միջոցառում։
Շնորհանդեսից հետո իր մոտեցումներով կիսվեց ՏՀՏ նորարարությունների և ստարտափ էկոհամակարգերի հարցերով փորձագիտական ցանցի համակարգող, Ադրբեջանի Հանրապետության տրանսպորտի, կապի և բարձր տեխնոլոգիաների նախարարության տեղեկատվական հասարակության նորարարական զարգացման և էլեկտրոնային կառավարման վարչության պետ Ռաշադ Ազիզովը։ Պ-ն Ազիզովն ընդգծեց, որ ՏՀՏ նորարարությունների ցանցի ամրապնդումը և ՏՀՏ նորարարությունների էկոհամակարգի դերակատարների տեղական և տարածաշրջանային մակարդակով կակապցումն այն հիմնական բաղադրիչներն են, որոնք անհրաժեշտ են մշակված գործողությունների ծրագրերն առաջ մղելու համար:
Միջոցառումն ավարտվեց իրավիճակի և ապագա ծրագրերի վերաբերյալ ընդհանուր քննարկմամբ: Շահագրգիռ կողմերն ընդգծեցին մշակված քաղաքականության գործողությունների ծրագրերի արդիականությունը: Ավելի լայն ազդեցություն ունենալու համար սահմանված գերակա ոլորտներում ակնկալվում է ԵՄ աջակցությունը: Զուգահեռաբար քննարկվեցին տարածաշրջանային այլ առաջնահերթություններ, մասնավորապես՝ ավանդական ՓՄՁ-ների թվայնացման անհրաժեշտությունն ու թվային ստարտափ և սքեյլափ ընկերությունների ֆինանսավորման մատչելիությունը: Տարածաշրջանը ներկայացնող կողմերը հաստատեցին ստարտափների ֆինանսավորման համար նախատեսված մեխանիզմի գործարկման անհրաժեշտությունն ու դրան օժանդակելու պատրաստակամությունը: Ընդհանուր գերակայությունները կշարունակեն հանդես գալ որպես առաջիկա ժամանակահատվածում ՏՀՏ թեմատիկ ոլորտում գործունեության հիմնական ուղղություններ։
Լրացուցիչ տեղեկատվություն
Թեմատիկ նստաշրջանները կազմակերպվել էին «EU4Digital» նախաձեռնության ղեկավար կոմիտեի տարեկան ժողովի շրջանակներում՝ նպատակ ունենալով քննարկել իրականացված գործողությունները, արձանագրված արդյունքներն ու ապագա ծրագրերը: Բաժանորդագրվեք լրատուին` մշտապես տեղեկացված լինելու համար: