2020 թվականի հոկտեմբերի 7-ին կայացած վիրտուալ հանդիպման ժամանակ ներկայացվել են հեռահաղորդակցության կանոնների ոլորտում ձեռքբերումները և ապագա նպատակները։ Միջոցառումը կազմակերպվել էր հոկտեմբերի 5-ից 9-ի ընթացքում կայացած «EU4Digital» նախաձեռնության ղեկավար կոմիտեի տարեկան ժողովի շրջանակներում։
Ավելի քան 50 մասնակիցներին, այդ թվում` Եվրոպական հանձնաժողովի պաշտոնյաներին, Արևելյան գործընկերության էլեկտրոնային հաղորդակցության կարգավորողների ցանցի (EaPeReg) և վերջինիս փորձագիտական աշխատանքային խմբերի անդամներին, Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին, Քաղաքացիական հասարակության ֆորումի փորձագետներին, Ներդաշնակեցված թվային շուկայի (HDM) համակարգողներին և ԵՄ պատվիրակությունների ներկայացուցիչներին ողջունեց EU4Digital–ի թիմի ղեկավար պ–ն Արտուրաս Պիլիպոնիսը։
«Հեռահաղորդակցության կանոններ» թեմատիկ ոլորտը ներկայացրեց EU4Digital–ի «Հեռահաղորդակցության կանոններ» ուղղության ղեկավար Անդրեյս Դոմբրովսկիսը։ Վերջինս խոսեց նշված ուղղությամբ առկա վիճակի և ապագա ծրագրերի մասին։ Տվյալ ուղղությունն ընդգրկում է երեք թեմա՝ միջազգային ռոումինգը, ազգային կարգավորող մարմինների անկախությունը և 700 ՄՀց հաճախականության տիրույթի ազատումն Արևելյան գործընկեր երկրներում:
Միջազգային ռոումինգի ոլորտում հիմնական ուշադրությունը ներկա պահին ուղղված է Արևելյան գործընկեր վեց երկրների միջև տարածաշրջանային ռոումինգի համաձայնագրի շուրջ բանակցությունների դյուրացմանը և դրա ստորագրմանը, ինչը նախատեսվում է անել 2020 թվականի վերջից 2021 թվականի սկիզբն ընկած ժամանակահատվածում։ Նշված համաձայնագրի ստորագրման արդյունքում ակնկալվում է, որ ռոումինգի գները կնվազեն 87%-ով՝ 4,6 մլն եվրո արժեքով դրական ազդեցությամբ: Բացի այդ, հոկտեմբերի 7-ին կայացած հարակից միջոցառման ընթացքում գործարկվեց մի նոր գործողություն, որն ուղղված է Արևելյան գործընկեր երկրների և Եվրոպական միության անդամ պետությունների միջև ընդհանուր ռոումինգի տարածություն ստեղծելու հնարավորությունը պարզելուն (ավելին կարդալ այստեղ):
Ազգային կարգավորող մարմինների (ԱԿՄ–ներ) անկախության թեմայի առնչությամբ հիմնական նպատակը ամեն երկրի համար հատուկ առաջարկությունների և գործողությունների ծրագրերի պատրաստումն է` Արևելյան գործընկեր երկրներում ԱԿՄ–ների անկախությունն ամրապնդելու համար: Արդեն իսկ պատրաստ են ԱԿՄ–ների անկախության բացերի գնահատման նախնական արդյունքները և դիտարկումները,
որոնք հիմնված են ընդհանուր մեթոդաբանության վրա և, ինչպես սպասվում է, ավարտին կհասցվեն 2020 թվականի հոկտեմբերի վերջին: Զեկույցում ներկայացված առաջարկությունների հիման վրա կպատրաստվեն երկրների համար նախատեսված հատուկ գործողություններ։ Իսկ 2021 թվականի ընթացքում EU4Digital–ը կշարունակի վեր հանված բացերի վերացմանը և առաջարկությունների իրագործմանն ուղղված տեխնիկական աջակցության տրամադրումը։
Արևելյան գործընկեր երկրներում 700 ՄՀց հաճախականության գոտու ազատման ուղղությամբ արդեն իսկ ավարտին են հասցվել ԱլԳ տարածաշրջանային ճանապարհային քարտեզի պատրաստման աշխատանքները։ Ավարտվել և իրականացման համար երկրներին են հանձնվել նաև 700 ՄՀց ռադիոհաճախականության տիրույթի ազատմանն ուղղված գործողությունների ծրագրերը: Ներկա փուլում հեռահաղորդակցության կանոնների թիմն աջակցում է տարածաշրջանային սպեկտրի համաձայնագրի շուրջ տարածաշրջանային բանակցություններին։ Համաձայնագիրը գտնվում է համաձայնեցման վերջին փուլում, իսկ դրա ստորագրումը նախատեսված է 2020 թվականի վերջին կամ 2021 թվականի սկզբին:
Թեմատիկ նստաշրջանի ընթացքում EU4Digital–ի թիմի ղեկավար պ–ն Արտուրաս Պիլիպոնիսը մասնակիցներին առաջարկեց նաև կիսվել 2021 թվականից հետո ժամանակահատվածում հեռահաղորդակցության կանոնների ոլորտի վերաբերյալ իրենց տեսլականով, ինչպես նաև ներկայացրեց առաջիկա անելիքները։ Մասնավորապես․
- ԵՄ անդամ պետությունների և Արևելյան գործընկեր երկրների միջև ռոումինգի գների իջեցում.
- Ինտերնետային ծառայությունների որակի և հասանելիության համակողմանի վերահսկման մեխանիզմի և գործիքների ստեղծում.
- Մրցունակ լայնաշերտ ինտերնետային ծառայությունների հասանելիության խթանմանն ուղղված ճանապարհային քարտեզի / գործողությունների ծրագրի մշակում.
- 5G բջջային ցանցերի համար հաճախականության հավանական գոտիների (700 ՄՀց–ից տարբերվող) ազատմանը և տեղաբաշխմանն ուղղված ճանապարհային քարտեզի / գործողությունների ծրագրի մշակում․
- ԱլԳ երկրներում 5G ռազմավարությունների և 5G պիլոտային նախագծերի գործարկում․
- ԱԿՄ–ների հզորացում՝ գործընկեր երկրների էլեկտրոնային հաղորդակցության շուկաներում արդյունավետ մրցակցության խթանման համար։
«EU4Digital» ծրագրային թիմի ներկայացումը շարունակվեց EaPeReg-ի հետադարձ արձագանքով, հարցուպատասխանով, ինչպես նաև Համաշխարհային բանկի շնորհանդեսով՝ նվիրված լայնաշերտ կապի ոլորտային ծրագրին, դրա ներկա վիճակին, ինչպես նաև առաջիկա անելիքներին:
Լրացուցիչ տեղեկատվություն
EU4Digital–ի ղեկավար կոմիտեի երկրորդ տարեկան ժողովը կազմակերպվել էր «EU4Digital» ծրագրի կողմից՝ դրա ներքո ձեռք բերված արդյունքների գնահատմանն ուղղված վիրտուալ նստաշրջանների շարքի ձևաչափով։ Բաժանորդագրվեք լրատուին` մշտապես տեղեկացված լինելու համար: