Գործարկվել է Բելառուսի և Լիտվայի միջև մաքսային տվյալների ընդլայնված փոխանակման պիլոտային ծրագիրը

  • Ամսաթիվ: 23/12/20
  • Կիսվել:

Դեկտեմբերի 22-ին էլեկտրոնային առևտրի դյուրացման ուղղությամբ EU4Digital-ի գործունեության շրջանակներում վերջինիս կողմից հաջողությամբ մեկնարկել է էլեկտրոնային մաքսային ծառայությունների (eCustoms) պիլոտային ծրագիրը: Կամեննի Լոգ (Բելառուս) և Մեդինինկայ (Լիտվա) սահմանային անցակետերի միջև կիրականացվի դատարկ բեռնատարների վերաբերյալ տվյալների փոխանակում:

Այս պիլոտային ծրագրի հիմնական նպատակը դատարկ բեռնատարների տեղաշարժի վերաբերյալ տվյալների փոխանակման ապահովումն է: Դա հնարավորություն կտա ավելի արագ հայտնաբերել դատարկ բեռնատարի կողմից սահմանի անցումը և, հետևաբար, ավելի արագ անցում կապահովի սահմանային անցակետերով:

Իրավապահ մարմինների տեսանկյունից դատարկ տրանսպորտային միջոցները համարվում են բարձր ռիսկային (օրինակ՝ օգտագործվում են մաքսանենգության համար՝ պաշտոնապես հայտարարագրվելով որպես դատարկ, բայց ներսում ունենալով որոշ ապրանքներ), իսկ այս պիլոտային ծրագիրը հնարավորություն կտա ստուգել, թե արդյոք ելքային մաքսատանը դատարկ հայտարարագրված բեռնատարն այդպես է հայտարարագրված նաև հարևան մաքսատանը:

Համատեքստ

Դատարկ բեռնատարների վրա առաջին eCustoms պիլոտային սցենարի գործարկումը նշանավորում է ոչ միայն պիլոտային ծրագրի առաջին փուլի հաջող ավարտը, այլև ընդգծում է շահառուների և «EU4Digital» ծրագրի թիմի արդյունավետ համագործակցությունը: Մասնակից կողմերի միջև ակտիվ համագործակցությունը սկսվել է 2020 թվականի փետրվարից: Դրանից ի վեր տեղի են ունեցել ավելի քան 40 համակարգող, աշխատանքային, թեմատիկ և տեխնիկական հանդիպումներ ու դասընթացներ:

Չնայած համավարակային իրավիճակին, մասնակիցներին հաջողվեց հեռակա կարգով արդյունավետ համագործակցություն ծավալել և աշխատել eCustoms պիլոտային ծրագրի գործարկման նախապատրաստական աշխատանքների ուղղությամբ: Նախապատրաստական փուլի ողջ ընթացքում նպատակն էր ապահովել արևելյան գործընկեր այլ երկրներում պիլոտային սցենարի կրկնօրինակման հնարավորությունը, ինչպես նաև այլ տարածաշրջաններում գործող նորագույն մեխանիզմների ու մաքսային տվյալների փոխանակման լավագույն պրակտիկաների վերաօգտագործումը:

Նախապատրաստական փուլում արձանագրվել են մի շարք ձեռքբերումներ, ներառյալ.

  • SEED (Էլեկտրոնային տվյալների համակարգված փոխանակում) լուծման ներդրում՝ ըստ շահառուների պահանջների: Քանի որ ի սկզբանե համաձայնեցված տվյալների հավաքածուում ներառված որոշ տեղեկություններ Տվյալների պաշտպանության ընդհանուր կանոնակարգի (GDPR) համաձայն համարվում էին անձնական տվյալներ (օրինակ՝ բեռնատարի համարանիշերը), առաջացավ ճկուն և հարմարվող լուծման անհրաժեշտություն: «EU4Digital» ծրագրի փորձագիտական թիմը վերլուծեց մի քանի այլընտրանքներ, որոնք կհամապատասխանեին GDPR-ի պահանջներին, և ի վերջո ընտրություն կատարեցին SEED-ի գեներացրած եզակի տեղեկատու համարն օգտագործելու տարբերակի օգտին:
  • Պիլոտային ծրագրի ուղղությամբ համագործակցության ձևավորում Բելառուսի և Լիտվայի մաքսային մարմինների միջև՝ 2020 թվականի հոկտեմբերին Փոխըմբռնման հուշագրի ստորագրմամբ:
  • Դատարկ բեռնատարների պիլոտային սցենարի նախագծման և մշակման փուլի ավարտ: Հաջողությամբ ավարտին են հասցվել պիլոտավորման նախագծման, ինչպես նաև լուծումների մշակման, կարգաբերման և տեղադրման հետ կապված առաջադրանքները:

Մնացած երկու սցենարները, որոնք վերաբերում են արտահանման և տարանցման հայտարարագրերի տվյալների սահմանափակ և ամբողջական փոխանակմանը, կմեկնարկեն 2021 թվականի հունվար-փետրվար ամիսներին:

Հետագա քայլերը. պիլոտային իրականացում Արևելյան գործընկեր երկրների միջև

«EU4Digital» ծրագիրը ներկայումս քննարկում է պիլոտային ծրագիրն արևելյան գործընկեր երկրների միջև կրկնօրինակելու հնարավորությունը: Կողմերի դրական հաստատումը կնշանակի, որ պիլոտային ծրագիրը կարող է մեկնարկել արդեն 2021 թվականի հունվարին: Էլեկտրոնային մաքսային ծառայությունների պիլոտային ծրագիրը մեկնակետ է, որին հետևելու են առաջարկներ` անհրաժեշտ իրավական, տեխնիկական և կազմակերպչական ճշգրտումների ու լուծման լիարժեք ներդրման վերաբերյալ:

Նորություններ

Ցուցադրել բոլորը