Թվային փոխակերպումն արագորեն փոխում է տնտեսական լանդշաֆտը: Այս միտումը սրվում է COVID-19 համավարակի պատճառով, որը պարզեցրել է բազմաթիվ կազմակերպությունների, ՓՄՁ-ների և նույնիսկ պետական մարմինների թվային փոխակերպումը: Միևնույն ժամանակ համավարակն ընդգծել է նաև թվային տնտեսության ու հասարակության՝ բարելավման կարիք ունեցող ոլորտները և մասնավորապես պատշաճ թվային հմտությունների կարևորությունը:
Հաշվի առնելով համավարակը հաղթահարելու և իրենց թվային փոխակերպումն արագացնելու երկրների ձգտումը՝ EU4Digital-ն իրականացրել է արշավ՝ ընդգծելով թվային հմտությունների կարևորությունը և այն, թե ինչպես է ԵՄ-ն աջակցում գործընկեր երկրներին էլեկտրոնային հմտությունների զարգացման գործում՝ աճող տնտեսական և սոցիալական պահանջարկը բավարարելու համար:
Տեղական մամուլում և սոցիալական ցանցերի միջոցով իրականացված արշավը կառուցվել է տեղական լրատվական գործընկերների հետ համագործակցությամբ մշակված մի շարք պատմությունների շուրջ:
Նշված պատմությունները կարող եք կարդալ ստորև.
- Թվային հմտությունների բացերի վերացում. հիմնական առաջնահերթություն Եվրամիության և Արևելյան գործընկերության համար
- Թվային հմտությունների խթանում. EU4Digital թվային առաքելությունը Հայաստանում
- Հետ մի մնացեք. հմտությունների զարգացում՝ հանուն Ադրբեջանի թվային ապագայի
- Վրաստան. զույգ քույրեր, ում կյանքը փոխվեց՝ շնորհիվ թվային հմտությունների
- Հայացք ապագային. ԵՄ աջակցությամբ թվային հմտությունների զարգացում Մոլդովայում
- Պատրա՞ստ եք թվային տասնամյակին: Հմտությունների կատարելագործում՝ Ուկրաինայում տեխնոլոգիական մարտահրավերները հաղթահարելու համար
Արշավը սոցիալական ցանցերում աջակցվեց այնտեղ տարածված ինֆոգրաֆիկ տեսանյութերի շարքով, որոնք ընդգծում էին էլեկտրոնային հմտությունների կարևորությունը և ներկայացնում ոլորտում հաջողության հասած շահառուներին:
Արշավի շրջանակներում ներկայացվեց նաև EU4Digital-ի էլեկտրոնային հմտությունների թիմի աշխատանքը, ինչն արվեց առանցքային ոլորտներում իրականացված գործողություններն ուրվագծող տեղեկատվական թերթիկի, ինչպես նաև խնդրո առարկայի վերաբերյալ գործնական հարցերին պատասխանող էլեկտրոնային քարտերի ամբողջության միջոցով: